Ասկերանցի Թորոյանների ընտանիքն ապրում է կիսափուլ խրճիթում եւ վարձով։ 22 հոգանոց ընտանիք, որի 15 -ը երեխաներ են։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս մեծ ընտանիքի 4 տղամարդիկ զոհվել են` նոյեմբերի 5-ին, ընդ որում՝ 4-ն էլ Շուշիում։
«Նվարդ տատի 2 որդին է զոհվել ու 2 աղջիկների ամուսինները. մեկն անհայտ կորած է մինչեւ հիմա։
Բայց էս ողբերգության մեջ տուն ու տեղ կորցրած բաբոն չի կոտրվել, ձիգ կին է։
Ձագերին հավաքել է թեւերի տակ ու պահում է ` մեջքը ուղիղ ։ Մասիսի Զորակ գյուղում այս հյուղակը վարձել են հարկադրաբար ընտանիքը մեկ նեղլիկ զալում ու մի ննջասենյակում է գիշերում` հատակին փռվող դոշակների ու վերմակների մեջ խիտ խիտ տեղավորվելով»,- նշել է լրագրողը՝ ավելացնելով, որ այս ընտանիքին Դաշտավանի եկեղեցու քահանա Տեր Աբրահամի հետ փորձում են օգնել` կենցաղում օրը մի հարց լուծելով։
