Շահրամանյանի գործոնը և Ռուսաստանի «խանդը» արագացրին ԼՂ-ում էթնիկ զտմшն գործընթացը. ԼՂ ԱԺ պատգամավոր

Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրով լուծարված և գրեթե ամբողջապես էթնիկ հայերից դատարկված Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը կարծում է, որ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին հաջողվել էր հասնել որոշակի դրական կետերի, սակայն նրա վրա գործադրված ճնշումները հանգեցրին վերջինիս հրաժարականին և այն իրավիճակին, որը գոյություն ունի:

Աղաբեկյանը նկատում է, որ ԼՂ-ի հետ կապված իրավիճակի նման հանգուցալուծումը պայմանավորված էր և՛ Շահրամանյանի գործոնով, և՛ Ռուսաստանի «խանդով» Ստեփանակերտի գրանցած հաջողությունների նկատմամբ:

«Ռուսաստանը գնաց պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ, իսկ ռուսական միջնորդությունն այսօր տապալված է: Մեր հետագա գործողությունները պետք է լինեն միջազգային իրավունքին հարիր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Անդրադառնալով արցախցիների՝ ԼՂ վերադառնալու հնարավորություններին՝ Աղաբեկյանն ասում է, որ դա հնարավոր է միայն անվտանգության և իրավունքների բարձր երաշխիքների ներքո: «Կարծում եմ՝ միայն միջազգային մեխանիզմների ու նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների պարագայում է դա լինելու, պետք է պատրաստ լինել և ճիշտ արձագանքել»,- ընդգծում է զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում պարբերաբար օրակարգ բերվող՝ «Վտարանդի կառավարություն» ստեղծելու մասին խոսակցություններին, ԼՂ ԱԺ պատգամավորը կարծում է՝ ամենակարևորն այն է, որ որևէ կերպ վնաս չհասցվի Հայաստանի Հանրապետությանը:

«Քննարկումների միջոցով հնարավոր է հասկանալ՝ ո՞րն է այն ճիշտ տարբերակը, որը հարվածի տակ չի դնի ՀՀ-ին, իսկ ԼՂ իշխանությանը այնպիսի հնարավորություն կտա, որ հետագայում հնարավոր լինի իրացնել դեպի Արցախ վերադարձի իրավունքը։ Այստեղ խնդիրը ճիշտ որոշում կայացնելն է»,- շեշտում է նա:

Միաժամանակ, ըստ Աղաբեկյանի, դժվար է ասել՝ ԼՂ իշխանության ներկայացուցիչներին կհաջողվի՞ գալ ընդհանուր հայտարարի: Նա նաև նշում է՝ դժվար է ասել՝ կայացվող որևէ որոշման հավանություն կտա՞ն ԼՂ քաղաքացիները՝ հաշվի առնելով օրեր առաջ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը, որը ուղեկցվեց միմյանց նկատմամբ փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում:

«Այդ պոռթկումը քաղաքացիների կողմից հասկանալի էր, որովհետև իշխանությունները երկար ժամանակ լռել էին ու մեկ էլ հայտնվել․ դեպքը հետևանք էր տեղեկատվական վակուումի»,- նկատում է նա:

Կիսվել սոց․ ցանցերում