Շուտով Գյումրու քաղաքապետարանը ևս մեկ նոր՝ պատմական արժեքով կհարստանա: 2016 թվականին փրկված, սակայն աստիճանաբար ոչնչացման ճամփան բռնած Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահից վերջապես կտեղափոխվի քաղաքապետարան:
Այս հսկա որմնանկարը փրկության երկար ճանապարհ է անցել, Իտալիայի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող-մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինի և իր մասնագիտական խմբի ջանքերով կտրվել, հանվել էր նախկին «Ստորոմմաշինա» գործարանի կիսաքանդ ճաշարանից և տեղափոխվել թատրոնի ճեմասրահ՝ ժամանակավոր պահպանության:
Ժամանակավոր ասվածը, սակայն, տևեց ուղիղ 7 տարի, որոնց ընթացքում վերականգնված որմնանկարը հասցրեց ճաքել, տեղ-տեղ թուլանալ, անհանգստության պատճառել դրամատիկականի տնօրենին և՛ պահպանության, և՛ անվտանգության առումով:
Դրամատիկականն անցնող 7 տարիներին, ինչքան կարողացել, հնարավորությունների առավելագույնի չափով հսկել, պահել-պահպանել է պատմական արժեքը՝ անընդհատ բարձրաձայնելով առկա խնդրի մասին:
Որմնանկարի պահպանության համար անհրաժեշտ հատուկ պայման ու ջերմաստիճան բաց ճեմասրահում թատրոնը, բնականաբար, որքան էլ կամենար, չէր կարողանա ապահովել։
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բազմիցս է ահազանգել այն մասին, որ Հակոբ Հակոբյանի «Սարերում»-ը վնասվում է, և հրատապ արձագանքի կարիք կա։
Խնդրից տեղյակ Գյումրու քաղաքապետարանը, Շիրակի մարզպետարանը, ԿԳՄՍ նախարարությունը միայն վերջերս խիստ անհանգստացան և սկսեցին քննարկել որմնանկարը հնարավոր հարմար տեղում ամրացնելու տարբերակները:
«Որմնանկարը պատին ամրացված չէ, ուղղակի դրված է գետնին, ունի վնասվածքներ, մեր պատուհանները նոր ենք փոխել, նախկին վթարային ու կոտրված պատուհանների դեպքում ջերմաստիճանի պահպանության մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Տարբեր քննարկումներ եղան, մեկ ուզեցին Շիրակ օդանավակայան, տանել, հետո՝ Գյումրի կայարան, ինչքան հիշում եմ, նաև՝ Օյունջյան դպրոց, սակայն բոլորի դեպքում էլ կային տեխնիկական խնդիրներ»,- մեզ հետ զրույցում ասում է թատրոնի տնօրենը:
Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում ասում է՝ օրեր առաջ ԿԳՄՍՆ ներկայացուցիչների, մարզպետարանի և համայնքապետարանի և այլ պատասխանատուների ներկայությամբ հարցը քննարկվել է, դիտարկվել են տարածքներ, որոշվել է, որ որմնանկարը տեղափոխվի քաղաքապետարան:
«Սարերում»-ը կառույցի 3-րդ հարկի ճեմասրահի արևմտյան պատին կամրացվի: Սա այն դեպքում, եթե ընթացքի մեջ գտնվող փորձագիտական եզրակացության քննարկումը դրական գնահատական ստանա:
«Փորձագիտական խմբի մասնագետների գնահատմամբ՝ պատի բարձրությունը և դիտման հեռավորությունը թույլ են տալիս այդ աշխատանքի իրականացումը, վստահեցնում են, որ որևէ բան չի խանգարի որմնանկարի տեղափոխմանն ու տեղադրմանը»,- ասում է պատասխանատուն:
Ըստ Թովմասյանի՝ գրեթե 100-տոկոսանոց վստահություն կա, որ մերժում չի լինելու:
«Մեր հիմնական նպատակը եղել է որմնանկարը Գյումրիում պահելն ու նորմալ պահպանելը, որ այն ոչ մի կերպ դուրս չգա քաղաքից: Հուսանք, որ հետագա գործողությունները ևս թույլ կտան իրականացնել որմնանկարի տեղափոխումը: Այս պահին սպասում ենք փորձագիտական եզրակացությանը և մնացած հրահանգներին, և ինչ կորոշվի մեր մասով, կպարտավորվենք պահպանության վերցնել այդ որմնանկարը, որը մեծ կարևորություն ունի ոչ միայն Գյումրու, այլ առհասարակ հանրապետության համար»,- ընդգծում է Թովմասյանը:

Գյումրու քաղաքապետարանում արդեն ևս մեկ արժեք է պահպանվում. 2012-ին քաղաքապետարանի 2-րդ հարկում գտնվող նիստերի դահլիճ էր տեղափոխվել Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգությունը:
Այս որմնանկարը ևս տարիներ առաջ գտնվել էր նույն Ստրոմմաշինա գործարանում և կրկին փրկվել իտալացի այն նույն մասնագետի շնորհիվ, որը դրամատիկական էր հասցրել Հակոբ Հակոբյանի մշակութային արժեքը:5 հսկա կտորից կազմված Մինասի որմնանկարի 4 մասը ցուցադրվում է նիստերի դահլիճում, 1 կտորը՝ երրորդ հարկի աստիճանավանդակում: Սրանից զատ՝ քաղաքապետարանի առաջին հարկում են գործում Գյումրու պատմության թանգարանն ու համայնքային ցուցասրահը:
«Հակոբ Հակոբյանի «Սարերում»-ը, եթե բերենք քաղաքապետարան ու երկրորդ հարկում էլ դա ունենանք, մեծ հարստություն կլինի մեզ համար: Սա կարող է նաև հաճելի լրացում լինել արդեն ունեցած մեր արժեքներին: Սպասում ենք տեղափոխման հրահանգին, որ սիրով ընդունենք մեր հարկի տակ ևս մեկ պատմական արժեք»,- վստահեցնում է քաղաքապետարանի պատասխանատուն:
Այս որմնանկարը դրամատիկականի երկրորդ հարկի ճեմասրահ էր մտցվել պատուհանից՝ էապես վնասելով՝ առանց այն էլ վթարային վիճակում գտնվող կառուցատարերը: Այս տարի թատրոնի ամբողջ պատուհանաշարքը հիմնովին փոխվել, նորը տեղադրվել:
Կա՞ մտավախություն, որ տեղափոխման պատճառով նոր ապակիները կվնասվեն՝ հարցին, Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ մասնագիտական խմբի հետ քննարկել, հստակեցրել են՝ որմնանկարը կտեղափոխվի ոչ թե երկրորդ, այլ առաջին հարկի ճեմասրահից:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
