Կիպրոսում ՄԱԿ-ի ուժերը հայտնել են բուֆերային գոտում միջադեպի մասին

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Կիպրոսի Պիլա և Արսոս գյուղերի միջև գտնվող բուֆերային գոտում հարձակման են ենթարկվել։

Ինչպես տեղեկանում է Cyprus Mail պարբերականից, ՄԱԿ-ի 12 խաղաղապահներ «բռնի կերպով» հետ են մղվել բուֆերային գոտում իրենց դիրքերից, ամենայն հավանականությամբ, Կիպրոսի թուրքական հատվածի զինվորականների և քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։

Դա տեղի է ունեցել այն պահին, երբ խաղաղապահներն արգելափակել են այդ շրջանում չարտոնված շինարարական աշխատանքները։ 3 խաղաղապահներ թեթև վնասվածքներ են ստացել։ Բացի այդ, տրակտորների միջոցով հեռացվել են ՄԱԿ-ի փոխադրամիջոցները, որոնք արգելափակում էին մուտքը դեպի ճանապարհ, իսկ մյուս մեքենաները դուրս են հրվել ճանապարհից։

Միջադեպը դատապարտել են ինչպես Կիպրոսի քաղաքական կուսակցությունները, այնպես էլ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

«Կիպրոսում ՄԱԿ-ի Խաղաղապահ զինված ուժերը դատապարտում են ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները և կիպրացի թուրք անձնակազմի կողմից ՄԱԿ-ի փոխադրամիջոցներին հասցված վնասը», – ասված է առաքելության հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, առաքելությունն ուշադիր հետևում է իրավիճակին և նախկինի նման հավատարիմ է մնում այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

180-կիլոմետրանոց բուֆերային գոտին (կանաչ գիծ) կղզին բաժանում է հունական և թուրքական համայնքների բնակության տարածքների։ Բուֆերային գոտին վերահսկում են Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ զինված ուժերը։ Վերահսկողությունն իրականացվում է հատուկ պայմաններում, քանի որ կանաչ գիծը չի համարվում Եվրամիության արտաքին սահման։

1974 թվականին Թուրքիայի ներխուժումից հետո Կիպրոսի տարածքի մոտավորապես 37%-ը հայտնվել է Թուրքիայի վերահսկողության ներքո, որտեղ 1983 թվականին ստեղծվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը համաշխարհային հանրության կողմից ճանաչվել է միայն Անկարայի կողմից։ Կղզու հարավային մասը մնացել է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության ներքո, որը բնակեցված է առավելապես կիպրացի հույներով։ Խնդիրը լուծելու կողմերի բազմաթիվ փորձերը դեռևս արդյունքի չեն հանգեցրել:

Կիսվել սոց․ ցանցերում