Պերդյուի համալսարանի գիտնականներն ստեղծել են կոնտակտային ոսպնյակներ գլաուկոմայի վաղ հայտնաբերման համար։ Այս հիվանդությունը տարեցների շրջանում կուրության երկրորդ ամենատարածված պատճառն է, ուստի դրա վաղ ախտորոշումը կօգնի կանխել կուրացումը: Նոր հայտնագործության մասին ասվում է համալսարանի կայքում։
Զարգացման վաղ փուլերում գլաուկոման չի ունենում ախտանշաններ, զարգանում է շատ արագ և կարող է դառնալ տեսողության կորստի պատճառ: Ամբողջ աշխարհում այս հիվանդությունն ախտորոշվել է ավելի քան 80 միլիոն մարդու մոտ, իսկ դրանից խուսափելու միակ միջոցը ներակնային ճնշումը վերահսկելն է։
Ավելի վաղ ուսումնասիրություններն արդեն ցույց էին տվել, որ ներակնային ճնշման անկայունությունը կապված է աչքի ցանցաթաղանթի վնասման և գլաուկոմայի զարգացման բարձր հավանականության հետ, մինչդեռ այդ անկայունությունը կարելի է հայտնաբերել միայն տևական հսկողության դեպքում։
Տվյալ վերահսկողությունն իրականացվում է հատուկ միկրոսխեմաներով հագեցած ոսպնյակների միջոցով, սակայն դրանք բավական հաստ են ու կոշտ, ինչի հետևանքով տհաճ զգացողություններ են առաջացնում։ Այնուամենայնիվ ամերիկացի գիտնականների ստեղծած նոր ոսպնյակը շատ ավելի նուրբ է ու բարակ, ինչի շնորհիվ չի առաջացնում տհաճ զգացողություններ և հարմար է ներակնային ճնշման 24-ժամյա մշտադիտարկման համար։
