Հնդկաստանում ագրեսիվ կապիկների խումբը հարձակվել է տղայի վրա և վնասվածքներ հասցրել նրան։ Այս մասին հայտնում է PSU Watch-ը։
Գուջարաթ նահանգի Սալկի գյուղում տասը տարեկան Դիփակ Թակորը ընկերների հետ խաղում էր տաճարի դռան մոտ, երբ մի քանի վայրի կապիկներ հարձակվեցին նրանց վրա։
Տեղի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ժամանակ պրիմատները բազմաթիվ լուրջ վնասվածքներ են հասցրել երեխային և պոկել նրա աղիների մի մասը։ Թակորին հաջողվել է տուն հասնել և անմիջապես հոսպիտալացվել, սակայն բժիշկներն անզոր են եղել։ Երեխան մահացել է։
Վարչակազմից նաև հայտնել են, որ սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ հարձակումն է կապիկների կողմից՝ բնակեցված տարածքում գտնվող մարդկանց վրա։
«Գյուղում բնակություն է հաստատվել մի մեծ խումբ։ Երկուսն արդեն վնասազերծվել են։ Մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է անտառային վարչության աշխատակիցը:
