Վասն դիսիդենտության
Մաթեմատիկոս և մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր պատին մի հետաքրքիր գրառում էր արել՝ քննադատելով Հայաստանը Եվրոպայի մաս համարելը։ Ըստ Բայադյանի դա խաբկանք է, քանի որ հայ հասարակության գիտակցությունը չի փոխվել։ Ավելին՝ նա կշտամբում է Հանրային հեռուստաընկերությանը, որը շարունակում է իբրև թե փառաբանել սովետական անցյալը։ Ըստ Բայադյանի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ընդհանրապես ռուսական մշակութային ազդեցությունից դուրս գալու համար անհրաժեշտ է քննադատաբար վերաբերվել սովետական անցյալին, հակառակ պարագայում Եվրոպա շարժվելու փոխարեն այդպես էլ կմնանք ռուսական։
Իհարկե անցյալին անհրաժեշտ է քննադատաբար վերաբերվել, հատկապես՝ սովետական անցյալին, բայց այս պարագայում խնդիրն այլ է։ Իմ համոզմամբ՝ Հրաչ Բայադյանի մտահոգությունները արհեստական են ու հայկական իրականությունից կտրված։ Դրանք ավելի շատ կպատշաճեին Մերձբալթյան երկրներին կամ էլ Չեխոսլովակիային, որն արդեն վաղուց գոյություն չունի։
Ընդհանրապես սովետից հետո սովետի դեմ պայքարելը ինտելեկտուալ կոնֆորմի՞զմ է, թե ստեղծագործական ամլություն։ Կարող է լինել նաև երրորդ տարբերակը, որն է՝ հայ ժողովրդի պատմական ընթացքի առանձնահատկությունների չընկալումը կամ էլ դրա հետ առերեսվելու անկարողությունը։ Իսկ եթե այս բոլորը միավորենք միևնույն տարածությունում, ապա կմարնավորվի հայ ժամանակակից ինտելեկտուալի մի հավաքան կերպար, որը նորաձևության սահմանած խաղի կանոններով պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին․ լինի հակասովետական, ժողովրդական զանգվածներին մեղադրի սովետական գիտակցության մեջ, հակասովետականությունից կտրուկ անցում կատարի հակառուսականության, պաշտպանի ինքնիշխանությունն ու առաջ մղի ռուսական/սովետական մշակութային միջավայրից ազատագրվելու անհրաժեշտությունը։ Թերևս հենց սա է եվրոպական լինելու կամ էլ դառնալու առանցքային գրավականը։
Ահա այս կեղծ ու արհեստական շղթայի մեջ են հայ ինտելեկտուալները Հրաչ Բայադյանի գլխավորությամբ։ Նրանք գրում են Դերիդայի և Ֆուկոյի բառամթերքով, բայց՝ ֆրանսիացի գաղութարարի աշխարհայացքով։ Նրանց համար Հայաստանը միս ու արյուն է ստանում միայն հակասովետականությամբ ու հակառուսականությամբ։ Նրանց համար Հայաստանն ատելի է իր պրովինցիալությամբ ու ընթացքով։
Մեծ հաշվով Բայադյանի տեքստը նույնպես սովետական է։ Դա ոտքից գլուխ սովետական կյանքի մեջ ներքաշված դիսիդենտական մտածողություն է, կարծրացած հավատալիք, որի հիմքում 1950-ական թթ․-ի BBC-ի և Ազատություն ռադիոկայանի քարոզչությունն է։
Հասկանալի չէ նաև, թե ինչու է Բայադյանը հակադրության մեջ դնում եվրոպականն ու սովետականը/ռուսականը։ Վերջապես ի՞նչ կարելի է հասկանալ Եվրոպա ու եվրոպական եզրույթների ներքո և ինչի՞ չի կարելի եվրոպական լինել սովետական անցյալի արժևորմամբ ու ռուսական մշակույթի ազդեցությամբ։ Միգուցե Բայադյանը վերարտադրում է ռուս «զապըդնիկների» ու սովետական դիսիդենտների այն մտայնությունը, թե Ռուսաստանը Ոսկե Հորդայի և Բյուզանդիայի ստալինյան ու պուտինյան վերաարտադրությունն է արդի աշխարհում, որպես մի մարտահրավեր՝ «քաղաքակիրթ» Եվրոպային։
Որքան էլ Հրաչ Բայադյանը պատվարժան այր լինի մեր իրականությունում՝ որպես մտածող և ուսուցիչ, այնուամենայնիվ, նրա ու գործընկներների սովետական ու հակասովետական ծեծված ու արժեզրկված այս շրջապտույտից անհրաժեշտ է դուրս շպրտվել։ Մի կողմից 1960-ականներին ձևավորված ու անկախ Հայաստանում 2000-ականներին քաղաքական հաղթանակի հասած ազգայնականությունն է, իսկ մյուս կողմից բայադյանական դիսիդենտական, լիբերալ-չինովնիկական հակասովետականությունը։
Ռուսաստանը եվրոպական պետություն է և ոչ միայն աշխարհագրությամբ։ Սովետը ինքնին եվրոպական գաղափար է, իսկ 19-րդ դարից սկսած հայ ժողովրդի մշակութային կապը եվրոպայի հետ անցնում է ռուսական խողովակով։ Ավելին՝ ռուսական և սովետական ծիրում սաղմնավորված ազգաստեղծման շարունակական գործընթացը դեռևս չի ավարտվել։ Այսինքն դրա ազդեցությունն էլ դեռևս մինչև վերջ գնահատված ու ընկալված չէ։
Ես հասկանում եմ, որ այս տեքստը սվիններով է ընդունվելու, բայց դե ինչ արած։
Աղբյուրը՝
