Բժիշկը թվարկել է ալերգիայի տարածված տեսակի զարգացումը կանխելու ուղիները

Ցրտային ալերգիան կարող է առաջանալ +5 °C ջերմաստիճանում կամ քամոտ եղանակին, ասել է ալերգոլոգ-իմունոլոգ Պավել Բերեժանսկին։ aif.ru-ի հետ զրույցում բժիշկը թվարկել է ալերգիայի այս տարածված տեսակի ախտանիշները և նշել դրա զարգացումը կանխելու հիմնական ուղիները։

Բերեժանսկու խոսքով՝ ցրտից ալերգիա ունեցող մարդու մոտ սկզբում մաշկի վրա կարմրություն է ի հայտ գալիս, քոր ու այտուց է առաջանում, հետո՝ ջերմություն, ընդհանուր թուլություն։ Բժիշկը զգուշացրել է, որ հատկապես ծանր դեպքերում կարող են առաջանալ սրտխառնոց, ականջներում զնգոց, ցնցումներ և շնչահեղձություն։

Եղնջացանը զարգանում է ոչ միայն մարմնի բաց հատվածներում, այլև նույնիսկ լորձաթաղանթների վրա։

Բերեժանսկին նշել է, որ ամենից հաճախ ցրտից ալերգիա է առաջանում երեխաների մոտ։ Բժիշկը դա բացատրել է նրանով, որ երեխաները բարակ մաշկ ունեն, դրանում արյան մատակարարումն ավելի արագ է ընթանում, իսկ ցրտին մազանոթները ջղաձգվում են, ինչը բորբոքում է առաջացնում։

Ռիսկի խմբում են նաև նրանք, ովքեր հաճախ ունենում են հերպես, շաքարային դիաբետ և վահանաձև գեղձի հիվանդություններ, ինչպես նաև նրանք, ովքեր վերջերս են ապաքինվել սուր շնչառական վարակներից։

Բժիշկը վստահեցրել է, որ ցրտի նկատմամբ ալերգիայի առաջացման վտանգը կարելի է նվազեցնել մի քանի եղանակներով։ Նա առաջին հերթին հորդորել է մարդկանց հագնվել եղանակին համապատասխան և մարմնի բաց հատվածներին պաշտպանիչ կրեմ քսել։ Նաև, ըստ նրա, պետք է ավելի շատ ուտել E (սերմեր, ընկույզներ), A (տավարի լյարդ, կարագ, դդում), C (բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ) և PP (սաղմոն, հնդկահավ) վիտամիններով մթերքներ։

Կիսվել սոց․ ցանցերում