«Աստված Հոգի է», սովորեցրեց մեզ Հիսուսը: Հոգին անտեսանելի է ու անզննելի, բայց մարդուն հնարավորություն և իրավունք է տրված հարաբերվել այդ Հոգի Աստծո հետ. դա աղոթքն է, քանզի Արարչի հետ հաղորդակցության միակ միջոցն է, որով մեր հավիտենական հոգիները կապվում են իրենց կյանքի աղբյուրի՝ Աստծո հետ: Տիեզերքի մեծագույն խորհուրդը եղել է և մնում է աղոթքը, որի միջոցով մշտնջենավոր երկնավոր զորություններ են գործի դրվում մեկ մարդու աղոթքով, ինչպես և գրված է Սուրբ Գրքում. «Եթե հավատք ունենաք ու չերկմտեք մինչև իսկ եթե այս լեռանը ասեք ելիր և ծովը ընկիր, պիտի կատարվի: Եվ ամեն ինչ որ հավատքով խնդրեք աղոթքի մեջ՝ պիտի ստանաք» (Մատթ. 21. 21-22): Եվ եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե՜ սուրբ հայրերը աղոթքի զորությամբ են հաղթել սատանային: Իսկ այս չար ժամանակների մեջ մեզ առավել ևս խիստ անրաժեշտ է տեղյակ լինել աղոթքի գաղտնիքներին, որպեսզի կարողանանք թե մեր ազգին և թե մեր հոգիներին խաղաղություն և փրկություն գտնել: Ինչպես հարդից ելած ծուխն է անհանգստացնում աչքերը, այդպես էլ հիշաչարությունն է անհանգստացնում մարդու միտքը աղոթքի ժամանակ: Հավատացյալների աղոթքներն աներևակայելի տանջանք ու սարսափ են չար հոգիների համար: Մի՜ աղոթիր, որ քո կամքով լինի, քանի որ դրանք ոչ միշտ են Աստծո կամքին համաձայն, ավելի լավ է աղոթիր այնպես ինչպես աղոթեց Տերը. «Թող ոչ թե իմ կամքը լինի, այլ Քո կամքը լինի» (Մատթ., Զ. 10): Միշտ խնդրիր այդպես, քանզի նա միշտ բարին է կամենում ու հոգուդ համար առավել օգտակարը: Մի՜ վշտացիր, երբ անմիջապես Աստծուց չես ստանում խնդրվածքդ: Նա դրանով ուզում է քեզ բարություն արած լինել, որպեսզի համբերությամբ աղոթելով սպասես, քանզի ի՞նչն է ավելի վեհ, քան Աստծո ներկայության մեջ զրույցը: Սաղմոսերգությունը մարում է տենչանքը և սանձում մարմնավոր անզսպությունը: Եթե դեռևս չես ստացել աղոթքի կամ սաղմոսերգության շնորհը, անդադար աղոթիր և կստանաս: Երբեք մի՜ ձգտիր ու մի փնտրիր, որ աղոթքի ժամանակ որևէ պատկեր կամ տեսք տեսնես: Երբ աղոթքի ժամանակ թեթևություն, ջերմություն և քաղցրություն ես զգում, դա ցույց է տալիս, որ Աստված մխիթարում է, պարգևատրում է ջանքերի համար, իսկ ծանրությունը, մռայլությունը և չորությունը նշանակում են, որ Աստված մաքրում և զորացնում է հոգիդ և այդ օգտակար համբերությունով փրկում նրան: Աղոթքի սկիզբը կայանում է նրանում, որ հեռու քշես եկող չար մտածմունքներդ, որպեսզի կարողանանք մեր մտքերը պարփակել խոսքի մեջ, որոնցով աղոթում ենք, իսկ կատարելությունն առ Աստված վերանալն է: Աստվածային գրվածքների խոսքի գաղտնախորհուրդներին առանց աղոթքի ու խնդրվածքի և Աստծո օգնության դու մի մոտեցիր: Աղոթքը բանալի համարիր աստվածային գրվածքներում ասված ճշմարիտ խոսքերին: Հիշաչարությամբ աղոթելը նույնն է, որ ծովում սերմանես ու սպասես բերքի: Երբ մի բանի համար աղոթում ես Աստծուն, և Նա հապաղում է կատարել այն, մի՜ տխրիր, քանզի դու Աստծուց իմաստուն չես: Աղոթքիդ մեջ ավելի շատ սիրիր երկրպագությունը, քան սաղմոսերգությունը: Մինչ փորձությունները մարդն աղոթում է Աստծուն, ինչպես օտար մեկը: Իսկ երբ փորձությունների մեջ է մտնում և համբերում, աղոթում է սիրով, հանդեպ Աստծո որպես պարտատեր, որովհետև Աստծո պատվիրանները պահելիս պատերազմում էր Տիրոջ թշնամիների դեմ և հաղթում նրանց: Աղոթքով փնտրենք Աստծո արքայությունը և արդարությունը, որ մեր ներսում է: «Իմ անունով կոչված ժողովուրդս եթե խոնարհվեն ու աղոթք անեն, ու իմ երեսս փնտրեն և իր չար ճանապարհներից ետ դառնան, Ես էլ երկնքից պիտի լսեմ ու նրանց մեղքը ներեմ և նրանց երկիրը պիտի բժշկեմ»: Բ Մնաց. 7. 14. «Աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, Ով երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է թե չարերի, թե բարիների վրա»: Մատթ. 5. 44-45 «Աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար լսելի կլինեն»: Մատթ. 6. 7. «Արթուն եղեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»: Մատթ. 26. 41 Նա (Հիսուսը) տագնապի մեջ էր և ավելի ջերմեռանդությամբ էր աղոթում: Ղուկաս. 22. 43. Դու քո չարության համար ապաշխարիր և աղոթիր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն: Գործ. 8.22 «Մեզ նախատում էին՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք, հայհոյում էին՝ աղոթում էինք»: Ա Կորնթ. 4.12-13 «Ամեն տղամարդ, երբ աղոթքի կանգնի կամ մարգարեանա ու գլուխը ծածկած պահի, անպատվում է իր գլուխը: Եվ ամեն կին, երբ աղոթի կանգնի, և մարգարեանա գլխաբաց, անպատվում է իր գլուխը»: Ա Կորնթ. 11. 4-5 «Ամենայն ժամ աղոթքներով ու աղաչանքներով, ամեն ժամանակ աղոթեցեք Հոգիով. և այդ բանի մեջ հսկեցեք հարատևությամ»բ: Եփես. 6. 18 «Ձեզանից մեկը եթե վշտի մեջ է ընկել, թող աղոթի: Հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի»: Հակոբոս. 5. 15
Օրվա խոսք ` «Մտքեր աղոթքի մասին»:
