«Հանրությունը ըստ էության դժգոհ է այս պրոցեսների ընթացքից»:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ապօրինի գույքի վերադարձման գործընթացից:
«Ուզում եմ իմ խորը մտահոգությունը հայտնել։ 2018 թվականին տեղի ուենցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ընթացքում մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բաշխված՝ պետությունից գողացված գույքը վերադարձնել, և երբ հիմա ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև այս պահն արված տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր բայց մենք մեկ կամ երկու ձեռքի վրա կարող ենք հաշվել թե ինչ արդյունքներ ենք արձանագրել»,- նշեց վարչապետը:
Նա նաև նկատեց՝ մենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր ունենք, և տպավորություն է, որ այդ գործերը կարող են 25 տարի տևել. «Եվ կարող է տպավորություն թողնել, թե Կառավարությունը այնուամենայնիվ ինչ-որ կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այս ձգձգումները տեղի են ունենում: Ուզում եմ արձանագրել, որ ոչ մի գործարքի մեջ չենք, մենք կարևոր ենք համարում, որ ամեն ինչ ընթանա իրավական ընթացակարգերով, բայց մյուս կողմից էլ չենք կարող չդժգոհել, թե ինչպես կարող են դատական գործերը այդքան ձգձգվել»:
