Հանձնարարել եմ, որ ԼՂ-ից բrնի տեղшհшնվшծների քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների՝ տեսաուղերձով ուղարկված հարցերին։

Այս շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանված Սնեժանա Թամրազյանը վարչապետին ներկայացրեց, թե ինչ խնդիրների են բախվում արցախցիները ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառով:

«Սեպտեմբերի 27-ից հետո բնակություն եմ հաստատել Կապան քաղաքում, քանի որ մասնագիտությամբ իրավաբան եմ, աշխատանքի համար դիմել եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Փորձաշրջանն անցնելուց հետո հանձնել եմ թղթերս, որպեսզի ընդունվեմ աշխատանքի, բայց խոչընդոտ է հանդիսացել ինձ համար ՀՀ քաղաքացիության բացակայությունը։ Դիմել եմ անձնագրային, սակայն ինձ ասել են, որ գործընթացը տևելու է 90 աշխատանքային օր և ավելի: Ես, իհարկե, պատրաստ եմ սպասել, բայց աշխատատեղը թափուր չի մնալու։ Եթե հնարավոր է, կազմակերպեք այնպես, որ հանրային ծառայության պաշտոններում աշխատել ցանկացող քաղաքացիները մինչև քաղաքացիություն ստանալու գործընթացի ավարտը կարողանան աշխատել տվյալ պաշտոններում ժամանակավոր պայմանագրի հիմունքներով՝ հետագայում աշխատանքային պայմանագիր կնքելով, կամ էլ հնարավորություն տվեք, որ այդ գործընթացը իրականացվի ավելի սեղմ ժամկետներում»,- մանրամասնեց քաղաքացին:

Վարչապետ, պատասխանելով վերջինիս հարցին, ընդգծեց՝ այդ հարցը արդեն իսկ քննարկվել է Կառավարությունում։ Միայն հանրային ծառայություններում աշխատելու համար է պահանջվում ՀՀ քաղաքացիություն, մնացած վայրերում այն անհրաժեշտ չէ․ «Մինչև 90 օր կարգավորումը օրենքի կարգավորումն է, բայց երկու հանգամանք կա․ նախ՝ միշտ չէ, որ պարտադիր պետք է տևի 90 օր, հետո մենք Կառավարությունում քննարկում ենք ունեցել, և ես հանձնարարական եմ տվել, որ ԼՂ-ից բռնահանված մեր քույրերի և եղբայրների քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ։ Ես ձեր հարցի արդյունքում կարող եմ ասել՝ մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել ԼՂ այն քաղաքացիներին, որոնք արդեն դիմել են հանրային ծառայություններում աշխատելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա»։

ՀՀ կառավարության ղեկավարը վստահեցրեց՝ հանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար դիմած ԼՂ քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիության հարցը արդեն իսկ պայմանավորված արագությունից ավելի արագ լուծում կստանա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում