Բագրատ Առաքելյանը տասնյոթ տարի է, ինչ ապրում է Չեխիայում` Պրահայում: Նա տնտեսագետ է, նաեւ`քաղաքական մեկնաբան, ժամանակ առ ժամանակ Հայաստանի ԶԼՄ-ներում հանդես է գալիս հարցազրույցներով, հետաքրքրված է Հայաստանի քաղաքական գործընթացներով:
Lragrogh.com-ը մի քանի հարց ուղղեց այս օրերին Երեւանում գտնվող Բագրատ Առաքելյանին:
-Ինչպե?ս եք հետահայաց նայում 2018 թվականից Հայաստանում սկիզբ առած իրադարձություններին, ինչպիսի?ն է Հայաստանն այսօր Ձեր հայացքով:
-Իրականում 2018թ. տեղի ունեցածը հեղափոխություն էր, որովհետեւ ժողովուրդը դուրս էր եկել փողոց: Եթե հիշում եք, Երեւանի փողոցներում հարյուր հազարից ավելի մարդ էր մասնակցում այդ ցույցերին, ինչը նշանակում էր, որ դա ժողովրդի կամքն էր, մարդկանց հոգնածությունը նախկին ռեժիմից երեւում էր նրանց քանակից: Ինչ վերաբերում է նրան, թե որքանով էր այդ հեղափոխությունն արդյունավետ, ապա կարող եմ ասել, որ բազմաթիվ սխալներ են եղել, բազմաթիվ խնդիրներ են ծագել: 2020թ. պատերազմն, իմ կարծիքով, անխուսափելի էր, քանի որ այդ պատերազմը նախապատրաստվել էր ոչ թե երկու կամ հինգ տարի առաջ, այլ` վերջին երեսուն տարվա ընթացքում: Ներկա իշխանությունները սխալներ գործել են նաեւ բանակին զինելու, ռազմական պատրաստության հարցերում, բայց իննսուն տոկոս պատասխանատվությունը, կարծում եմ, կրում են նախկին իշխանությունները, որոնք տասնյակ տարիներ պարզապես անգործության էին մատնված, զբաղված էին թալանով եւ իրենց սեփական շահերին ամեն ինչ ծառայեցնելով: Տեսնում ենք, թե ՀՀ նախկին երկու նախագահները ինչ բիզնեսների են տիրացել: Իսկ բանակը լքված էր, եւ երկու տարվա ընթացքում բանակին նախապատրաստելը, որ նա կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանա-ռուսական ագրեսիային, պարզապես անհնարին էր:
Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա մի քանի տարի առաջ Հայաստանում բազմաթիվ էին ռուսամետ հայացքներ ունեցող մարդիկ, հիմա այդ մարդկանց թիվն այնքան է նվազել, որ նրանք որոշիչ չեն: Մեր ժողովրդի աչքերն ավելի են բացվել, եւ մենք կարող ենք ավելի սթափ եւ գիտակից ձեւով որոշումներ ընդունել եւ մեր երկրի համար նոր ճանապարհներ ընտրել:
-Սակայն Արցախը հայաթափվել է, արցախցիները տեղափոխվել են Հայաստան, եւ մեր երկրում շարունակվում է անորոշությունը, անդառնալի կորուստների հետ մեկտեղ ունենք բազում չլուծված խնդիրներ…
-Արցախցի մեր հայրենակիցների արտագաղթը Հայաստան հսկայական ողբերգություն է: Ես կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի մեղադրել արցախցիներին, թե ինչու լքեցին իրենց հողը: Պարզ է, որ նրանց վտանգ էր սպառնում: Լուրջ ջանքեր է պետք թափել, որպեսզի գա այն օրը, որ Արցախը վերամիավորվի Հայաստանի հետ: Հայաստանը նախ եւ առաջ պետք է կայանա որպես պետություն` թե’ ռազմական, թե’ տնտեսական տեսանկյունից:
-Պատերազմից հետո ականատես եղանք, որ տարբեր երկրներում սփյուռքահայերը բողոքի ակցիաներ էին կազմակերպում, նաեւ` Հայաստանի իշխանությունների դեմ ուղղված ցույցեր էին լինում: Հատկապես ակտիվ են Դաշնակցության ներկայացուցիչները:
-Ինչ վերաբերում է Չեխիային, այնտեղ չկա հին հայկական համայնք, դա նշանակում է, որ ՀՅԴ-ն Չեխիայում գրեթե հետեւորդներ չունի, ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների: Չեխիայի հայ համայնքը կազմավորվել է 90-ական թվականներից սկսած: Մինչ այդ ընդամենը մի քանի հայ ընտանիք էր բնակվում Չեխիայում:
Ես տարանջատում եմ ՀՅԴ-ի հետեւորդներին մյուս սփյուռքահայերից: Իմ խորին համոզմամբ` ՀՅԴ-ն 90-ական թվականներին դադարեց գործել, ՀՅԴ-ն պարզապես դարձավ ռուսական ФСБ-ին պատկանող մի մասնաճյուղ, որը ղեկավարվում է Կրեմլից: Ես ուզում եմ ընդգծել, որ ՀՅԴ-ի շարքերում կան ազնիվ մարդիկ, որոնք խաբված վիճակում են հայտնվել իրենց ղեկավարների կողմից: Իրենց ղեկավարները հայրենասիրական կարգախոսներով փորձում են ներգրավել այդ զանգվածներին տարբեր պրոցեսներում (խոսքս ցույցերի մասին է, որոնք տեղի են ունենում նաեւ Հայաստանում), սակայն ինձ հայտնի է, որ այդ ամենը ղեկավարվում է Ռուսաստանից: Այդ ամենը նպատակ է հետապնդում, որ Հայաստանը, որպես պետություն, վերանա եւ դառնա ՌԴ-ի մի գավառ: Հայաստանում այսօր արդեն քիչ չեն այն անհատները, քաղաքական ուժերը, որոնք հասկանում են, որ Հայաստանը պետք է իր ապագան տեսնի Արեւմուտքում: Նույն «Զանգեզուրի միջանցքը», որ Հայաստանի վզին փորձեցին կապել Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, լուրջ խոչընդոտ է արեւմտյան քաղաքական ուժերի համար, եւ մենք տեսնում ենք, որ Արեւմուտքն այսօր անում է ամեն ինչ, որպեսզի այդ օպերացիան տեղի չունենա: Եթե Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը հնարավորություն ունենային մտնել Հայաստան` գրավելու Սյունիքը, դա կանեին անպայման: Իրենք դա չեն անում, քանի որ հասկանում են` Արեւմուտքը դա թույլ չի տա: Արեւմուտքը հստակ ուղերձներ է ուղարկել թե’ Ադրբեջանին, թե’ Թուրքիային: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ձեռնպահ է մնում բարձրագոչ հայտարարություններից, Հայաստանն այլեւս չի մասնակցում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի աշխատանքներին, տեսնում ենք նաեւ, որ Ալիեւը փոխել է հռետորաբանությունը, քանի որ տեսնում է, որ իր նվաճած քաղաքական բարձունքները աստիճանաբար հանձնում է Արեւմուտքի ճնշման տակ:
-90-ականներին ձեւավորված սփյուռքն այսօր ի?նչ ներուժ ունի, որքանո?վ կարող է օգնել Հայաստանին:
-Հայկական սփյուռքում հսկայական փորձ է ձեռք բերվել: Մարդիկ ապրում են զարգացած երկրներում, իրենք ռազմական ոլորտում, ուժային ոլորտում, ավիացիայում, տնտեսության մեջ են ներգրավված եւ բավականին փորձ են ձեռք բերել: Իրենցից շատերը գիտեն, թե ինչպես է պետք կազմակերպել աշխատանքն այդ ոլորտներում: Եվ նրանց փորձը Հայաստանի համար անգնահատելի է, քանի որ այստեղ նման փորձ հնարավոր չէր ձեռք բերել անցած տարիների ընթացքում: Այն երկրները, որոնք զարգացել են, արտասահմանից հրավիրել են իրենց հայրենակիցներին, մասնագետների, նրանց տվել են որոշակի իրավասություններ, որպեսզի արմատախիլ անեն այն փտած համակարգը, որը եղել է որեւէ բնագավառում: Եվ Հայաստանը, իմ կարծիքով, այսօր պետք է օգտվի այդ հնարավորությունից, հրավիրի տարբեր մասնագետների, որոնք տարբեր ոլորտներում հիմնարար փոփոխություններ կանեն:
Թագուհի Հակոբյան
