Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի 11-15-րդ դարերի պատմությունը հնարավոր չէ ամբողջական ուսումնասիրել առանց հայկական աղբյուրների մանրամասն հետազոտության։ Խաչակիրների, Բյուզանդիայի, սելջուկների ու մոնղոլների պատմությունը թերի ու անավարտ կլինի առանց հայ պատմիչների երկերի, հիշատակարանների ու ճառերի։
Վերջին երկու հարյուր տարիներին չենք կարող գտնել տվյալ ժամանակաշրջանին վերաբերվող հեղինակավոր մի աշխատություն, որը կշրջանցի հայկական աղբյուրները՝ Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Ակներցի, Վարդան Արևելցի, Ստեփանոս Օրբելյան, Հեթում Կոռիկոսցի և այլն։
Նույնը կարող ենք ասել նաև պատմության այլ ժամանակաշրջանների համար։
Բայց նույնիսկ իր առաջնակարգ նշանակությամբ, հայկական աղբյուրներն ու ընդհանրապես հայագիտությունը դեռևս շարունակում են մարգինալ մնալ, կամ մեծ կոնտեքստից մի փոքր կողմ քաշված։ Խնդիրն այն է, որ դրանք սիստեմատիկ թարգմանության չեն ենթարկվել եվրոպական լեզուներով, եղածն էլ հիմնականում կամ թերի է կամ էլ կիսատ։ Մեծ հաշվով հայկական տեքստերը աշխարհին հասանելի են մի քանի տասնյակ հայ և օտար գիտնականների անհատական ջանքերի շնորհիվ, և ոչ ավելին։ Մեկ մարդը երբեմն մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է իրականացրել։ Բայց դա քիչ է։
Կարծում եմ, այդ բացը պետք է լրացներ Հայաստանի Հանրապետությունը, որը պետք է դառնար աշխարհում հայագիտության առաջ մղման շարժիչ ուժը։ Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկեր աշխարհում հայագիտության կենտրոններ հիմնելու, հայագիտական կոնֆերանսներ ու գիտաժողովներ կազմակերպելու համար։ Վերջապես նախաձեռներ հայագիտական տեքստերի միասնական կորպուսի ստեղծումը՝ հասանելի եվրոպական հիմնական լեզուներով։
Հասկանալի է, որ դա ծախսատար աշխատանք է, և փոքր պետություններին ոչ միշտ հասանելի։ Մեծ փողերից անդին կարելի էր գոնե հակաթուրքական պրոպագանդայի, Ադրբեջանի հակագիտական հեքիաթներին դիմագրավելու, Ցեղասպանության, Արատտայի, Ծովից ծովի, բննօրանի և տարատեսակ այլ մերձգիտական ու հակագիտական թեմաների վրա ծախսվող ռեսուրսների գոնե մի մասը հատկացնել իրական հայագիտությանը։ Դա և՛ մեզ է պետք և՛ աշխարհին, քանի որ միջնադարյան հայկական տեքստերում անգին գանձեր են թաքնված։
