Այսօր դեռ լուսաբացից Գյումրիում Վարդանանց հրապարակը փակել, բեմահարթակը դրել, սպասում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանի այցին:
Նախարարը, փոխնախարարն ու այլք Գյումրիում էին այցելել «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի շրջանակներում:
Վահե Ղազարյանը ներկաներին իրազեկեց՝ այստեղ են պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով:
Ըստ Վահե Ղազարյանի, Պարեկային ծառայությունը ՀՀ-ում արդեն կայացած իրողություն է, միևնույն ժամանակ այդ ընթացքը շարունակվում է:
«Այսօրվա մեր այցը Գյումրի կոչված է խթանել Պարեկային ծառայության համալրման գործընթացը՝ շեշտը դնելով կանանց հնարավորինս լայն ընդգրկման վրա:
Ցանկացողները կարող են հենց այսօր դիմումը ներկայացնել, կամ մինչև նոյեմբերի 30-ը դիմեն ՆԳՆ կրթահամալիր:Տեղերի մեծ մասը հենց կանանց համար են»,- ասաց նախարարը:
Ըստ նախարարի, արդեն առկա փորձը վկայում է, որ կանայք լիարժեք կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, իրենց անձնվեր ծառայությամբ ապացուցում են, որ պարեկային ծառայության կարևոր մաս են հանդիսանում, ու կարող են իրենց նպաստը բերել ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը:
«Կոչ եմ անում հատկապես կանանց ու աղջիկներին, ակտիվորեն ներգրավվել պարեկային ծառայության մեջ, իրենց ծանրակշիռ մասնակցությունը բերելով հանրային անվտանգուիթյան պահպանման և քաղաքցու իրավունքների պաահովման գործում»,- ներկաներին դիմեց Ղազարյանը:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ոստիկանության համակարգում աշխատելը ոչ միայն պատվաբեր, այլ նաև պարտավորեցնող է համարել:
«Այսօր արդեն, թեկուզ Շիրակի մարզով կարող ենք փաստել, որ պարեկային ծառայության հիմնադրումը չափազանց կարևոր և արդարացված բարեփոխում էր, մարդիկ սկսել են տեսնել, նկատել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ, որի առանցքում քաղաքացու պաշտպանվածության մեծացումն է»,- ասել է նա:
Ըստ մարզպետի, Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը ոչ միայն մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխություն է ենթադրում, այլև նպաստելու է համակարգի աշխատանքի որակի բարձրացմանը:
Մարզպետը փաստել է՝ կանանց ընդգրկվածությամբ Շիրակի մարզն առաջատար դիրքերում է։
«Շնորհակալ եմ շիրակցի համարձակ և ուժեղ կանանց, դուք նոր մտածողության ներդրողներն եք, պայքարող ու մեր կյանքն ավելի լավը դարձնել ցանկացողներն եք։ Ոստիկանությունում ծառայելը, վստահ եմ, ձեզ առավել ուժեղ կդարձնի։ Հաջողություն եմ մաղթում համակարգ ընդգրկվելու ցանկություն ունեցող կանանց։ Բոլորիդ մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Շիրակի մարզի»,- ասել է մարզպետը։
Իրազեկման արշավն ավարտվել է Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի համերգով։
