«Բրոուդիի ամրոցը» ներկայացումում՝ Սյուզի «Նամուս»-ում՝ Սուսան, «Գիշատիչների խնջույքում»՝ Ֆրանսուազա, «Դիպլիպիտո»-ում՝ Շուշան, «Գիքոր»-ում՝ Նատո և այլն, և այլն, և այլն…
Արտիստիկ ձայնով բառերը հատ-հատ արտաբերելով և հպարտ կեցվածքով կամաց-կամաց առաջ եկավ և ներկայացավ տիկինը:
Վարագույրներ չկային, բայց թվաց, թե դրանք և՛ կային, և՛ բացվեցին, որովհետև կինը ներկայացավ այնպես, ինչպես բեմում կներկայանար: Րոպեներ անց հյուրանոցի նախասրահում պարզ դարձավ՝ զրուցակիցս հասարակ մեկը չէր, ինչը զգալի էր հանդիպման առաջին վայրկյանից:
Խնդրում եմ նաև անուն-ազգանունն ասել: Նույն ոճով, բայց շեշտադրված թախծոտ նախադասություն լսվեց.
«Արմելա, նույն ինքը՝ իտալական ծաղիկ, որը փթթեց Արցախում և թոշնում է այստեղ՝ Գյումրիում, սիրելի՛ս»:
Փոքր լռությունից հետո շարունակում է՝ Արմելա Առաքելյանն եմ, խորհրդային հայ դերասանուհի։ ԼՂՀ վաստակավոր արտիստ, երկու երեխայի մայր, այսօր արդեն անտուն և ամեն ինչ կորցրած մեկը:
Զրուցում ենք Գյումրու «Օլիմպիկ» հյուրանոցի նախասրահում: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասանուհին սենյակ գնալ չուզեց, ասաց այլևս ո՛չ տեսնելու բան կա, ո՛չ ցույց տալու իրեր ունի: Մեկ-երկու հագուստ ունի, ձեռքի պայուսակն ու փոքրիկ կարմիր տուփում ամփոված իր՝ Վաստակավոր արտիստի կոչումը՝ այն ամենն ինչը վերցրել է բռնի տեղահանվելով Ստեփանակերտից:
«Ես ուզում էի Երևան գնալ, ասել էին, որ մեր թատրոնը կարող է Երևանում տեղակայվի, բայց ինձ չլսեցին և ուղարկեցին Լենինական: Շատ սիրեցի ձեր քաղաքը, սկզբում «Գյումրի» հյուրանոցում էինք, հետո ինֆեկցիոնում էի, բայց սենյակիս ընկերուհին իրեն լավ չէր պահում, ձեռքը ազատ, լեզուն ազատ շուկայական կին էր, չկարողացա նրա հետ դիմանալ, բողոքեցի մարզպետարան, ինձ բերեցին «Օլիմպիկ» հյուրանոց: Էլ ոչինչ չունեմ ասելու»,- պատմում է տիկին Արմելան:
Գեղեցիկ տուն է ունեցել, բայց արտիստին առավել ձգել է թատրոնի իր անկյունը: Ստեփանակերտի դրամատիկականի ճեմասրահում, ասում է, իր մեծադիր լուսանկարն էր կախված, սենյակում՝ պատվոգրերն ու անցած ուղու մասին վկայող շատ հուշեր ուներ:

«Ծննդավայրս Խնածախն էր: Դպրոցական էի: 8-րդ դասարանում էի, երբ մի օր տեսուչներ եկան մեր դասարան: Գիտելիքներ էին ստուգում: Ուսուցչուհիս ասաց, որ ասմունքեմ: Ես էդ ժամանակ պոեմներ գիտեի, «Փարվանան» արտասանեցի, տեսուչն ասաց՝ աղջիկ ջան, քո տեղը թատրոնն է, վաղը կգնաս Ստեփանակերտի թատրոն: Իհարկե, հաջորդ օրը չէ, բայց մի քանի օրից գնացի: Ռեժիսորը լսեց, հավանեց, վերցրեց: Ե՛վ սովորում էի դպրոցում, և՛ խաղում: Ու մինչ բռնի տեղահանումը, բեմում էի արդեն 61 տարի»:
Թե ինչպես եկավ հասավ Հայաստան, ամենավատ երազում անգամ չէր տեսել: Հարցը լսում է բաց աչքերով, աստիճանաբար խոնարհում է հայացքն ու արցունքի երկու խոշոր, ծանր կաթիլ է հայտնվում կոպերում, հոսում դեմքի վրայով, հասնում նուրբ ու խնամված ձեռքերին:
«Չէի կարողանում ավտոբուս նստել, հիշում եմ, մարդիկ խելագարի պես իրար հրում էին, գոռում էին, չէին գտնում իրար շատերը: Վերջին օրը 100 ավտոբուս եկավ, զոռով կարողացել եմ բարձրանալ, ինձ օգնեց մեր հարևանի տղան, օրհնվի նա, հազիվհազ եկել, հասել եմ Հայաստան:
Ուրիշ տեղ գնալ չեմ ուզում այլևս, խնդրել եմ, որ մնամ այս հյուրանոցում, այնքան անորոշ է ինձ համար ամեն ինչ, մշուշոտ»,- ցածրաձայն, համարյա շշնջում է Արմելան՝ ավելի շատ ինքն իրեն խոսելով:
Հունվարին 79-ը կբոլորի Արմելա Առաքելյանը: Հրաժեշտից առաջ հարցում եմ՝ ինչ է ուզում ունենալ, ինչի կարիք ունի: Պատասխանում է՝ խորը շունչ քաշելուց հետո.
«Կուզեի թատրոնում լինել, դեր խաղալ: Կարոտում եմ շատ, չդիմանալու զգացողություն է դա, չեմ կարողանում համակերպվել իմ այսօրվա հետ: Գիտեմ, որ ինձ լուսանկարել ես ուզում, արի աստճանավանդակի մոտ: Այսպես ինձ մի քիչ բեմում կզգամ»:
