Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 29-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Civic.am-ի հետ զրույցում Սամվել Բաբայանն ասաց՝ երբևէ չի եղել, որ ինքը չհամաձայնի մասնակցել։
«Ինձ հրավիրել են, որ ես ներկայանամ, այդ հարցերի շուրջ խոսենք՝ խնդրեմ։ Այլ հարց է, երբ որ հանձնաժողովի անդամ լինելուց եմ ես հրաժարվել։ Իսկ մասնակցել հարցուպատասխանին, ես չեմ խուսափել ոչ մի ժամանակ ու որևիցե խնդիր չունեմ»,- ասաց Սամվել Բաբայանը։
Խոսելով նաև իր հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ ընդհանուր ինչ հայտարարություն արել է, իր տեսակետը, իր մտքերը, այն փաստերը, որոնք ուներ, ներկայացրել է։
«Քրեական գործը հարուցվել է, ընթացքի մեջ է, ինչով է ավարտվելու՝ համբերենք, տեսնենք»,- ասաց Սամվել Բաբայանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Սամվել Բաբայանն իր հարցազրույցում հայտարարել էր, որ ԼՂ ԱԺ 22 պատգամավորներն ու Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն՝ կոչ անելով Դատախազությանը ասվածն ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։
Դրանից հետո և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով:
Մանրամասները՝ տեսանյութում
