Լարսից հայկական համարանիշներով 21 բեռնատար հետ է վերադարձվել, 30-ից նմուշառում է արվել. Էկոնոմիկայի նախարարությունում տեղյակ չեն «որևէ քաղաքական դրդապատճառի մասին»

Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհից՝ Լարսից, «Ազատությանը» դիմած քաղաքացին հայտնել է, որ արդեն 2-րդ օրն է՝ խցանման մեջ են թե Հայաստանից Ռուսաստան արտահանող, թե ՌԴ-ից Հայաստան ներկրող ընկերությունների բեռնատարները, իսկ  Լարսի անցակետում տարբեր պատճառներ են նշում՝ փաստաթղթավորումից մինչև սանիտարական խնդիրներ։ Մինչդեռ նախկինում «ներկրում է եղել Հայաստան առանց պրոբլեմի, մի օրվա մեջ ձևակերպել, տվել են»։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ ըստ իրենց ունեցած տեղեկատվության՝ հայկական համարանիշներով 21 ավտոմեքենա վերադարձվել է, իսկ 30-ից  նմուշ են վերցրել, և այս պահին պատասխանների են սպասում։

«Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում ԵԱՏՄ հարթակում՝ այս հարցը օպերատիվ քննարկելու համար, որպեսզի հասկանանք՝ ի՞նչն է հիմնական խնդիրը։ Իր հերթին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փորձում է բոլոր խնդիրները խմբավորել, քանի որ մեքենաներից որոշներն ունեն փաստաթղթերի խնդիր»,- հավելեց խոսնակը։
Ի՞նչ հիմնավորմամբ են 21 հայկական մեքենաները վերադարձվել՝ հարցին էկոնոմիկայի նախարարության խոսնակը դժվարացավ պատասխանել. «Հստակ տեղեկատվություն այդ առումով չունենք, բայց ոչ մի քաղաքական ենթատեքստի մասին ինֆորմացիա մենք չունենք։ Ավելի հստակ՝ կկարողանանք մի քանի օրից թարմացումներ անել։ Քանի որ թեման քննարկում ենք ԵԱՏՄ-ի հետ, մեզ մի քանի օր պետք կգա»։

Մեր դիտարկմանը, թե հայ վարորդները շեշտել են, որ հենց հայկական մեքենաներն են հետ վերադարձվում, արդյոք իրենք է՞լ են դա պարզել, նախարարության խոսնակը նման պատասխան տվեց. «Ես չունեմ հստակ այդպիսի ինֆորմացիա, չեմ կարող ասել»։

Կիսվել սոց․ ցանցերում