«Որ կնոջ մեջ որ չկա այս սերը, թշվառ կլինի ինքը, թշվառ կլինի և նրա…»: Ղազարոս Աղայան – «Կնոջ կոչումը»

Կնոջ կոչումն է լինել մայր: Կինը մայրական սիրտ պիտի ունենա դեպի իր զավակները, այլև դեպի ամեն մարդ: Ամեն գործում, ամեն քայլափոխում պիտի երևա, որ նա մի գթասիրտ, մի բարի և առաքինի մայր է:

Ինչ որ վատ է, կոշտ է, տգեղ է, անիրավ է, անգութ է, բնավ երբեք հարմար չէ և ոչ վայելուչ կին սեռին:

Կանայք ի բնե այսպես են և ինչպես որ մի առանձին հակում ունեն դեպի արտաքին զարդարանքները, նույն հակումն ունեն և դեպի այն ամենը, ինչը որ գովելի է, սիրելի է, հարգելի է, այսինքն դեպի հոգեկան զարդարանքները:

Իհարկե, այս ամենը լինում է ժամանակի հասկացողության համեմատ, բայց ինչ ժամանակ էլ, որ լինի, կինը միշտ բարու և գեղեցիկի կողմն է հակվում ավելի շատ, քան թե տղամարդը, որ եթե մի բարի բան է անում, այդ էլ լինում է դարձյալ կնոջ շնորհիվ:

Զավակի բարոյական կրթության պատասխանատուն մայրն է, եթե բարոյակիրթ է զավակը, փառք և պարծանք նրա մորը, իսկ եթե չարակիրթ է, սուգ և տրտմություն մորը:

Այսպես էլ ճիշտ. եթե մեկ մարդ ամուսնանալուց հետո ազնվանում է, փառք ու պարծանք նրա կնոջը, իսկ եթե անազնվանում, անբարոյականանում, ամոթ և նախատինք նրա կնոջը:

Կիսվել սոց․ ցանցերում