Պատմություն 1
Ֆրեզնոյի բժշկական առաքելության օգնությամբ Բարեկամավանում տեղավորել ենք 4 ընտանիքների, ամեն ընտանիք ստացել է միջինը 450 հազար դրամի անասուն՝ խոզեր, հավեր, ոչխարներ:
Խանապատ գյուղից մի տղամարդ, որ 1992-ին վիրավորվել է պատերազմում և մինչև հիմա դա զգացվում է, ինձ ասում է արդեն երկրորդ անմգամ՝
— Բալա ջան, դու սոցապ աշխատող ես չէ՞:
— Չէ, ո՞ւր էր ինձ նման բախտ: Ես մուրաբա փակող եմ:
Պատմություն 2
Ջուջևան գյուղում 4 ընտանիք է հաստատվել, որից երկուսը՝ բազմազավակ, մեկում՝ 7 երեխա, մյուսում՝ 6:
Ժնևի հայությունը անկողնային պարագաներ էր ուղարկել՝ ներքնակ, ծածկոց, բարձ և սպիտակեղեն: Իմ այլ ընկերներ գումար էին ուղարկել, նաև գումար տվել ինձ, որ այլ գնումներ անեմ կարիքավոր, բազմանդամ ընտանիքների համար: Ամբողջ օգնությունը կենտրոնացրել ենք Դովեղի հայրական մեր տանը: Երկու օր առաջ տարա օգնությունը 9 հոգանոց ընտանիքին, որի կարիքներն անվերջ են:
Մեքենան դատարկելու ժամանակ ընտանիքի հայրն ասում է՝
— Կեսը դատարկենք, մյուս կեսը տանես էն մյուս բազմազավակ ընտանիքին:
Պատմություն 3
Բարեկամավանում հաստատված մի այլ բազմազավակ ընտանիքում առողջական խնդիրներ ունեցող տղա կա: Նրա ավագ եղբայրը Նոյեմբերյանի Երկրապահի հետ գնացել էր Վարդենիս՝ առաջին գիծ: Իմ ընկերներից մեկը առողջական խնդիրներ ունեցող տղայի համար դեղ էր ուղարկել մի քանի ամսվա համար: Երբ դեղը տարա, մայրը հիվանդ պառկած էր: Դարպասը բացեց 11-ամյա եղբայրը, որին նախորդ անգամ տեսել էի դպրոցում: Դեղը փոխանցեցի տղային և ասացի, որ գնա իմ մեքենայի մեջ դրված դուխովկան դուրս բերի, ասացի՝ ձեզ համար է:
Մինչ տղան իմ մեքենայից դուրս էր բերում դուխովկան, 11-ամյա տղան պինդ փաթաթվել էր ինձ ու ասում էր.
— Ես քեզ սիրում եմ, դուք օգնում եք մեզ:
Մենք երկուսով էինք՝ 50-ն անց սոցապ աշխատողը և 11-ամյա տղան: Շատ ուժեղ էր ինձ փաթաթվել: Շատ էի հուզվել:
Հ. Գ. Շնորհակալություն եմ հայտնում Ֆրեզնոյի բժշկական առաքելությանը, բժիշկ Վաչէ Վասիլյանին, Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանին և իմ բազմաթիվ ընկերների, որոնք անտարբեր չեն և օգնում են արցախցիներին և փորձում հեշտացնել նրանց կյանքը:
Թ. Հ.
Նոր Նորք, Երևան, 26 նոյեմբեր, 2023թ
