Կիտրոնի ամենաօգտակար հատկությունները. 5 պատճառ սննդակարգում կիտրոն ներառելու համար

Կիտրոնն ամենաօգտակար ու համեղ մրգերից մեկն է, որը մարդիկ հաճախ են կիրառում իմունային համակարգի ամրապնդման ու առողջական մի շարք խնդիրների դեմ պայքարի համար։

Այս ցիտրուսային միրգը հարուստ է իմունախթան հակաօքսիդանտներով, ֆոլաթթվով, վիտամին С-ով, կալիումով ու մի շարք այլ օգտակար նյութերով, որոնց շնորհիվ էլ համարվում է սննդամթերքի ամենաառողջարար տեսակներից մեկը, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորին է հայտնի, թե ինչ օգտական հատկություններով է օժտված այս համեղ ու բուրավետ միրգը։

Մասնագետները ներկայացրել են կիտրոնի ամենաօգտակար հատկություններն ու նշել 5 պատճառ այն ամենօրյա սննդակարգում ներառելու համար:

 

 

Բարելավում է տրամադրությունը

Կիտրոնի հաճելի բույրով հագեցած օդը շնչելն օգնում է բարձրացնել տրամադրությունն ու խուսափել մռայլ մտքերից։ Արոմաթերապիայի համար կարելի է կիրառել թարմ կիտրոն, սակայն առավել արդյունավետ կարող է լինել կիտրոնի եթերայուղը։

Օգնում է վերահսկողության տակ պահել քաշը

Առավոտյան կիտրոնի հյութով գոլ ջուր խմելու սովորությունը քաշի նվազման գործընթացն արագացնող ամենապարզ միջոցներից մեկն է։ Այս ազդեցությունը պայմանավորված է կիտրոնի կեղևի մեջ պարունակվող բուսական միացություններով, որոնք, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ճնշում են քաշի ավելացումն ու ճարպերի կուտակումները։

Նվազեցնում է զարկերակային ճնշումը

Կիտրոնի հյութի գործածությունը կարող է օգնել պահպանել զարկերակային ճնշման կայունությունն ու կանխել ճնշման կտրուկ բարձրացումներից։ Ընդ որում՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այս ազդեցությունը հատկապես ակնհայտ է լինում այն մարդկանց մոտ, որոնց մոտ հաճախ են նկատվում զարկերակային ճնշման բարձրացումներ։

Քայքայում է երիկամներում առաջացած քարերը

Կիտրոններում պարունակվող կիտրոնաթթուն հիանալի միջոց է նաև երիկամներում ձևավորված քարերի դեմ պայքարի համար։ Որքան շատ կիտրոնաթթու է պարունակվում մեզի մեջ, այնքան ցածր է երիկամներում քարերի ձևավորման հավանականությունը։

Պայքարում է վարակիչ մանրէների դեմ

Կիտրոնը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին С, ինչի շնորհիվ օժտված է հզոր հակամանրէային հատկություններով։ Պարբերաբար կիտրոնի հյութ խմելը կօգնի կանխել բակտերիաներով, սնկերով ու վիրուսներով պայմանավորված վարակումները, ուստի այս ըմպելիքը հարկավոր է անպայման սննդակարգի մասը դարձնել։

Կիսվել սոց․ ցանցերում