Խիզախություն է երկրի համար կարևոր հարցերը կենացի չվերածել, նախագիծը կենաց է. Վարդանյանը հորդորեց դեմ քվեարկել «Հայքվեին»

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծի քննարկումը։

Նախագծով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ, ըստ նրա, նախագիծը որևէ արժեք չի պարունակում։

«Այս նախագիծը առաջին մասով զուրկ է իրավական որոշակիությունից, երկրորդ մասով՝ արդեն իսկ քրեականացված է, և կներեք թուրքական թեզին տուրք չեմ տալու և Հայոց Ցեղասպանությունը այլ ցեղասպանություններից չեմ տարանջատելու և շարունակելու եմ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իրականացնել 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայի նախատեսված հանցակազմի շրջանակներում»,- ասաց Վարդանյանը և հավելեց. «Ամենակարևոր խիզախությունը երկրի համար կարևոր հարցերը կենացի չվերածելն է, այս նախագիծը կենաց է»:

Կիսվել սոց․ ցանցերում