«Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից», «Հայաստանը Արցախի ժողովրդին մենակ է թողել», «Հայաստանի վարչապետը արցախահայությանը դատապարտել է ցեղասպանության», «Փաշինյանն անընդհատ Արցախը մղում է դեպի Ադրբեջան՝ փորձանքի մեջ գցում ժողովրդին», «Հայաստանը չի միջամտում Արցախի բլոկադան վերացնելու համար», «Հայաստանը հանձնեց Արցախը»․․․Վստահ ենք՝ ծանոթ արտահայտություններ են, և հարգելի ընթերցողը քանիցս լսած լինի այսօրինակ վտանգավոր «վերդիկտեր» թե՛ Արցախի, թե՛ ՀՀ ընդդիմադիր գործիչների շուրթերից։
44-օրյա պատերազմից հետո նրանք նմանատիպ հայտարարություններով էին իրենց սերն ու մտահոգությունն առ Արցախ ու արցախահայություն արտահայտում՝ այդպես էլ ոչ մի առարկայական քայլ չկատարելով՝ որպես ապացույց այդ անձնուրաց ու հրաբորբոք սիրո՝ բացառությամբ, իհարկե, տարատեսակ փրկչա-դիմադրողական շարժումները, ԱԺ-ում լսումներ կազմակերպելն ու հայտարարության նախագծեր շրջանառելը, որոնց տված միակ օգուտը, անխոս, ՀՀ –ԼՂՀ դիմակայություն առաջացնելն էր։
Մինչդեռ այդ ՀՀ-ն է, որ հետպատերազմական շրջանում իրենից կախված ամեն բան արեց՝ արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցերը միջազգային բոլոր ատյաններում պատշաճ բարձրաձայնելու, դրանց անանցանելիությունը վերաարձանագրելու ուղղությամբ։ Չտեսնել կամ, ավելի ճիշտ, միտումնավոր չտեսնելու տալ այն ահռելի քաղաքական, դիվանագիտական աշխատանքը, որը կատարել է ՀՀ-ն Արցախի հարցի ուղղությամբ, կամ «հայոց լեզվով շանտղություն» է (արտահայտության հեղինակային իրավունքը հոգով դաշնակցական Աղվան Վարդանյանինն է), կամ էլ, ինչպես երեկ ՀՀ-ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բնորոշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «երախտամոռություն»՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ «Արցախը և Հայաստանը ինտեգրված են եղել և նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել։ Ինչ էլ ուզում եք ասել, մեկ է՝ ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, և ձեր ժամանակ է, որ բանակցություններն ընդհատվել են, որովհետև դուք իրարամերժ հայտարարություններ և գործողություններ եք արել, և էսօր նորից ոչ մի բան չեք ձեռնարկում Արցախի մեր պատմական տարածքը հետ բերելու, գոնե այդ ուղղությամբ բանակցելու»,-երեկ խոսքը հետ ու առաջ անելով, մի կեպ տեղը գցելով այսպիսի դիտարկում արեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս էլ ի պատասխան ասաց, որ իր՝ որպես ՀՀ վարչապետի խնդիրը ՀՀ ապագան է, և ՀՀ Սահմանադրությունը սահմանել է լիազորություններ, որոնց շրջանակում ինքը կենտրոնացած է ՀՀ ապագայի խնդրի վրա։ «Ինչ վերաբերում է ձեր այն ընկալմանը կամ դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին, ասացիք, անտարբեր մնացինք, կան նաև դիտարկումներ, թե մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես այդ թեմայով, ոնց որ թե, անդրադառնալու առիթ չեմ ունեցել։ Բայց քանի որ ժամանակն էլ կարճ է, ես նման արձագանքներին կարող եմ կարճ, ընդամենը մի բառով գնահատական տալ՝ «ե-րախ-տա-մո-ռու-թյուն»։
Ուրիշ բառ ես չեմ կարող պարզապես օգտագործել։ Ընդ որում, սա վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ ասվում է ՀՀ կառավարության մասին, և բոլոր այն դեպքերին, երբ որ ընդհանրապես խոսվում է Հայաստանի Հանրապետության մասին»,-արձագանքեց ՀՀ վարչապետը։
Օհանյանը և նրա կոլեգաները ակնհայտորեն հիշողության հետ կապված խնդիր ունեն կամ էլ, որ ավելի հավանական է, իշխանությունը կորցնելուց հետո առերեսվել են օբյեկտիվ իրականության խեղաթյուրված ընկալման հետ։ Նման իրավիճակում «պացիենտի» լավագույն շահը հաշվի առնելով նրան պետք է առաջարկել ոչ այնքան բարդ մի գործողություն կատարել՝ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը որոնել ՀՀ վարչապետի կամ էլ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքերում և վերհիշել ԼՂ հարցով դիվանագիտական խրոնոլոգիան՝ սկսած 2018 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը։
Իսկ մինչ այդ, արձանագրենք՝ Սեյրան Օհանյանի և նրա գործընկերների գերխնդիրը, ինչպես նախքան 44-օրյա պատերազմը, այնպես էլ հիմա, հետպատերազմական այս բարդ ու տուրբուլենտ ժամականաշրջանում, եղել է մեկ բան՝ «արցախահանձնության» հարցում «մեկ մեղավորի» ինստիտուտի ձևակերպումն ու բոլոր չարիքները այդ մեկ ինստիտուտից բխեցնելը, գեբելսյան հայտնի հնարքի կիրառմամբ՝ երբ սուտն ու կեղծիքը անընդհատ կրկնում ես, ճշմարտության տեղ է անցնում։
Նախկին իշխանության կողմից կիրառվող պրիմիտիվ հնարքի էությունն այս է՝ նախկին իշխանությունները ճիշտ է, բանակցում էին Արցախի գրավյալ տարածքները հանձնելու և Արցախի անորոշ ապագայի՝ հետաձգված կարգավիճակի շուրջ, բայց «զատո՞» «Արցախը մերն էր», իսկ նոր իշխանությունը եկավ, թեկուզ վատ ու վատթար, «մեր երազանքներին չհամապատասխանող» բանակցային թղթերը զրոյացրեց, սկսեց իր կետից, սադրեց Ադրբեջանին, պատերազմ բերեց ու վերջում էլ պայմաններ ստեղծեց «հայկական երկրորդ պետականությունը» հանձնելու համար։ Այս ողջ՝ արցախյան թեմատիկայով աղմուկն ու աղաղակը միտված է ՀՀ-ում հանգրվանած արցախահայությանը ներշնչելուն, որ ՀՀ իշխանությունը ոչ միայն «լվացել է ձեռքերը», այլև՝ ծալել, փակել, դարակն է դրել Արցախի հարցն ու այլևս հետամուտ չէ Արցախի ժողովրդի իրավունքների բարձրացմանը։
Քաղաքական այս «շանտղության» հեռահար նպատակը տեսանելի է՝ արցախահայությանը որպես բողոքի «մատերիալ» օգտագործել՝ հարմար պահի ընդդեմ ՀՀ իշխանության օգտագործելու, Արցախյան «երկրորդ շարժում» բորբոքելով ՀՀ-ում իշխանափոխություն անելու համար։ Այդ հարմար պահը, որպես կանոն, համընկնում է գարնան հետ ու հասունանում է տաքերն ընկնելուց հետո։
Հ․Գ․1 «Արցախից ձեռքերը լվալու» համատեքստում հիշեցնենք, որ անցյալ տարի այս օրերին էր, որ ռուս-ադրբեջանական տանդեմը «նախապատրաստական» աշխատանքներ էր տանում Լաչինի միջանցքը շրջափակելու ուղղությամբ, ապաև, ամիսներ անց, «լվացված ձեռքերով» ռուս խաղաղապահների գործուն մասնակցությամբ այդտեղ ապօրինի անցակետ տեղադրեց, իսկ այս տարվա սեպտեմբերին Արցախի ժողորդի նկատմամբ հակաահաբեկչական օպերացիա իրականացվեց։ Ռուսների՝ մաքրամաքուր ձեռքերով է, որ գրվել էր Արցախի ՊԲ-ն լուծարելու համաձայնագիրը, որի տակ Արցախը խոնարհաբար ստորագրեց։ Իսկ ՀՀ-ն այս ընթացքում, մասնավորապես 2022 թ դեկտեմբերին և 2023 թ․օգոստոսին, ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Լաչինի միջանցքի արգելափակման և ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ, միջազգային այլ՝ դատական և քաղաքական հարթակներում մշտապես ահազանգել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իսկ ի՞նչ է արել ՀՀ-ի ընդդիմությունը։ Ոչինչ, ըստ էության, բացի, իհարկե, «Հայաքվե» կոչվող պոպուլիստական ստորագրահավաքն ու այլ անշառ, անատամ սակավամարդ միջոցառումները։ Չմոռանաք, իհարկե, միջանցքը ուժով բացելու մասին անհեռատես առաջարկը թմդկահարելը, որի իրագործման դեպքում ՀՀ-ն ներքաշվելու էր Ադրբեջանի հետ պատերազմում և այլևս օրերի հարց էր դառնալու Հայաստանի «հանձնումը»։
Հ․Գ․2 Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված բնակչության համար ՀՀ բյուջե-2024 նախագծով նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, ինչը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Նախատեսվել են օժանդակության ծրագրեր կրթության ոլորտի, ուսանողների ուսման վարձի փոխհատուցման, ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով, կենսաթոշակների, ժողովրդագրական վիճակի բարելավման, անապահով սոցիալական խմբերին աջակցություն, ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու և այլ միջոցաումների համար։
Հ․Մ․
