Անորոշությունից մինչեւ ապամոնտաժում. թռչելու համար այլեւս անպիտան օդանավերը՝ «Զվարթնոցում»

«Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմում եւ դրան կից տարածքում կայանված օդանավերի մեջ առանձնանում է «CRJ 200LR» ինքնաթիռը (նախկին հայկական գրանցումը՝ EK-20014), որն արդեն 2 տարի՝ 2021-ի նոյեմբերից, վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել աերոդրոմից ու տեղափոխվել պարսպից այն կողմ:

1999 թ. արտադրված այս օդանավը 2009-2013 թթ. շահագործվում էր նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիայի» կողմից՝ կրելով հայ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անունը: Օդանավի սեփականատերը հենց «Արմավիան» էր: 2013-ի գարնանն այս ավիաընկերությունը դադարեցրեց թռիչքները, իսկ 2014-ի հոկտեմբերին սնանկ ճանաչվեց: Բայց մինչեւ սնանկ ճանաչվելը՝ դեռ 2014-ի ամռանը, EK-20014-ը վաճառքի հանվեց «Ամերիաբանկի» կողմից: Օդանավը գրավադրված էր այս բանկում, որն էլ որոշել էր «Արմավիայի» պարտքերի դիմաց օտարել ինքնաթիռը 700 մլն դրամով: Այդուհանդերձ, գնորդ չեղավ:

2015-ի ապրիլին դատարանն «Արմավիայի» լուծարման վարույթ սկսեց, ինչը նշանակում էր, որ ավիաընկերության գույքը պետք է օտարվի, եւ ստացված գումարով պետք է հնարավորինս մարվեն պարտատերերին ունեցած պարտքերը: EK-20014-ը հայտնվեց սնանկության գործով աճուրդի հանված լոտերի ցանկում: Այս աճուրդում ինքնաթիռը սկզբնապես առաջարկվում էր 364.500.000 դրամ մեկնարկային գնով, բայց եւ նշվում էր, որ դրա վրայից բացակայում են աջակողմյան շարժիչն ու ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: Առաջին անգամ աճուրդի հանվելուց 3 տարի անց՝ 2018-ի աշնանը, օդանավի մեկնարկային գինն արդեն 54 մլն դրամ էր: Սա «Արմավիայի» սնանկության գործով աճուրդում վերջին լոտն էր, որն էլ, ի վերջո, հաջողվեց իրացնել 2018-ի նոյեմբերին: «Ամերիաբանկը» «Հետքին» փոխանցել էր, որ վաճառքից ստացված գումարով մասնակի մարվել է բանկի հանդեպ ավիաընկերության ունեցած պարտքը: Բանկը, սակայն, չէր հայտնել, թե ով է գնորդը:

Նախկին EK-20014-ը՝ դեռեւս աերոդրոմի տարածքում, 21.05.2021, հեղ.՝ Չեմա Գոմես

Վաճառքից 5 ամիս անց՝ 2019-ի ապրիլին, «CRJ 200LR»-ը հանվեց օդանավերի հայկական ռեգիստրից, այլ կերպ ասած՝ EK-20014 գրանցումը կորցրեց վավերականությունը: Եվ ահա եւս 2,5 տարի «Զվարթնոցի» աերոդրոմում մնալուց հետո՝ 2021-ի նոյեմբերին, օդանավը վերամբարձ կռունկի միջոցով հեռացվեց աերոդրոմի տարածքից:

 

«Հետքն» իր աղբյուրից տեղեկացել էր, որ ինքնաթիռի նոր սեփականատերն է դիմել «Զվարթնոցի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին՝ հայտնելով, որ ցանկանում է օդանավը տեղափոխել: Այդ նպատակով որոշվել էր այն դուրս բերել աերոդրոմի հատուկ վերահսկելի գոտուց, քանդել եւ տեղափոխել մաս-մաս: Տեղեկացել էինք նաեւ, որ սեփականատերը երեւանյան «Բարձունք Էյ» ՍՊԸ-ն է, որն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է սեփական եւ վարձակալված անշարժ գույքը վարձակալության տալով եւ այլ գործառնություններով:

 

Ամբողջական նյութը՝

https://hetq.am/hy/article/162793?fbclid=IwAR2qjIUZWltJHi3Sfm0EaCQpPE5uNVt2-z0ltbUAEiHtJ72wrViBMzSsBBM

Կիսվել սոց․ ցանցերում