Երևանի շենքերից մեկի նկուղում ձուլարան է գործել. ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի 23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում: Ըստ հրապարակումների՝ ձուլարանի շահագործման արդյունքում շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր են արտադրվում, որի հետևանքով բնակիչների առողջությանը լուրջ վնաս է հասցվում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալի կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է՝ առողջության պահպանման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից է։

Ավելին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքներից է շրջակա միջավայրի պահպանությունը։

Ուստի պետությունը պետք է ունենա և գործադրի քննարկվող արժեքների ապահովման պատշաճ կառուցակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում