Մինչ այժմ չենք լսել ՀՀ տարածքի ճանաչման վերաբերյալ Ադրբեջшնի ղեկավարության հրապարակային խոսքերը. Միրզոյան

«Հայաստանը շահագրգռված է անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք այս մղումներն ունեն»:

Այս մասին այսօր Բելգիայի և Հայաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով, ո՞ր միջնորդությունն է ավելի արդյունավետ՝ ՌԴ-ը, ԱՄՆ-ը, թե՞ Շառլ Միշելինը, և արդյոք Եվրոպական միջնորդությունը վստահելի՞ է՝ հաշվի առնելով, որ Եվրոպան բազմապատկում է գազի գնումներն Ադրբեջանից:

«Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում՝ նախագահ Միշելի գլխավորությամբ, ինքս ադրբեջանցի իմ գործընկերոջ հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել Վաշինգտոնում՝ ամերիկյան կողմի, պետքարտուղարության և պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, նաև հանդիպումներ ենք ունենում Մոսկվայում և այլուր՝ և՛ երկրների ղեկավարների մակարդակով, և՛ նախարարների: Բառացիորեն վերջերս այդպիսի հանդիպման եմ մասնակցել և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և մեզ համար էական է, որ հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները աշխատեն և կյանքի կոչվեն»,- ասաց ԱԳ նախարարը:

Նա հավելեց, որ, ցավոք, մի քանի անգամ ականատես են եղել իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, հետո իրականության մեջ՝ գետնի վրա, այդ պայմանավորվածությունը չեն տեսնում. «Օրինակ՝ մինչ այժմ մենք չենք լսել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում: Սա մեզ համար խիստ մտահոգիչ է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից»:

Երկրորդ հանգամանքը, որի մասին խոսեց Արարատ Միրզոյանը, այն է, որ ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև ճիշտ հակառակ գործընթացների են ականատես լինում: «Մինչ մենք խոսում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման նախապայմանը, և առանց դրա հնարավոր չէ ակնկալել երկարատև և կայուն խաղաղություն հարավային Կովկասում, իրականության մեջ մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ ժողովրդի պաշարում՝ սովամահության դրդում, անհրաժեշտ դեղորայքից զրկում, այդ թվում՝ և՛ երեխաների, այդ թվում՝ և՛ հղի կանանց, և՛ հաշմանդամություն ունեցող անձանց, և՛ անձանց, ովքեր անհապաղ բժշկական օգնության կարիք ունեն»,- նկատեց նա:

Վերադառնալով բուն հարցին՝ ԱԳ նախարար Միրզոյանն ասաց՝ հարթակների միջև չեն դնում տարբերություն, այլ մեթոդների և կարևորում են պայմանավորվածությունների կյանքի կոչումը. «Մենք մեր միջազգային գործընկերներից, բոլոր հարթակներից և միջնորդներից ակնկալում ենք, որ նրանք պետք է հոգ տանեն այն մասին, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»:

Կիսվել սոց․ ցանցերում