Բարեգործությունը, ինչպես ընդունված է կարծել, լռություն է սիրում, երբ բարի գործ անողը չի աղաղակում իր արածի մասին, անում է առանց ցուցադրականության ու ի տես ամենքի։ Հայկական իրականության մեջ, սակայն, «ավանդույթի ուժով», բարեգործները հասարակության աչքն են խոթել (և շարունակում են խոթել) իրենց բարի գործերը, դրանք դարձնել իրենց PR-ի անբաժանելի մասը և ինչու չէ՝ եսապաշտական, սեփական անձի գերակայությունը բարեգործության արժանացածների նկատմամբ ցուցանելու համար։
ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում բարեգործության տիրաժավորման ու ցուցադրականության մի ճարպիկ «խոդ» է արել, մի կրակոց արձակել ու միանգամից երկու թիրախի խփել։ «Երկար ժամանակ նկատում էի, որ որդիս ժամերով անհետանում է, ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնի մոտ հավաքվում էին մեր դաշնակցական երիտասարդներից շատերն ու խմբով տեղ գնում:
Ավելի ուշ տեղեկացա, որ լուռ, առանց կուրծք ծեծելու Երևանի ծայրամասային պահեստներից մեկում օգնում է հայ կանանց 113-ամյա բարեգործական կազմակերպության՝ Հայ օգնության միության ՀՕՄ (Մանուկյանը հատուկ «թեգել»՝ նշել է կառույցը) անդամներին, կազմակերպել յոթ հազարից ավելի արցախցի ընտանիքներին օգնության տեսակավորման աշխատանքներին: Լուռ, քչախոս ու համեստ:
Վարձքները կատար…»։
Անշուշտ, գովելի է Մանուկյանի որդու վարքը՝ էներգիան սպառել ոչ թե «Դիմադրություն» շարժման և այդօրինակ անպտուղ ակցիաների վրա՝ իշխանափոխության համար կուրծք ծեծելով ու աղաղակելով, այլ առանց կուրծք ծեծելու և լուռ զբաղվել միսիոներական աշխատանքով։ Միայն թե լավ կլիներ, որ Մանուկյանն իր որդուց օրինակ վերցներ՝ լռություն ու քչախոսություն ապահովեր բարեգործությանն առնչվող թեմաները շոշափելիս, այլ ոչ թե «միամտաբար», սակայն իրականում նպատակաուղղված, քաղաքական հաշվենկատությունից ելնելով տիրաժավորեր դաշնակցական կառույցի բարեգործական ակցիան։ Արանքում, ինչպես տեսանք, վրձնելով նաև որդու համեստ ու քչախոս կերպարը։
Նշենք, որ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոնը, մեղադրվում էր 2022 թվականին Գյումրիում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի օրը՝ մայիսի 8-ին, Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։ Այս գործով ամբաստանվում է ևս 6 երիտասարդ։ 2022թ. հոկտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց Տարոն Մանուկյանին՝ 3 մլն դրամ գրավի դիմաց։
Հ. Մ.
