Կսղпցեմ, ցախերը քարշ տալով կտանիմ. ինչպես են ձմռանը գոյատևում գյումրեցի տնակաբնակներն ու կիսախարխուլ տներում ապրողները

Տարին բոլոր, նաև՝ այս սառնամանիքին, ձեռնափայտը՝ մի ձեռքում, մյուսում՝ սղոցը, 85-ամյա գյումրեցի Նազիկ տատը վառելափայտ է հայթայթում: Կիսախարխուլ մի կացարանում է ապրում, միայնակ է, գլխի ճարը տեսնող չունի:

 

Գալիս է թփուտներ, որտեղ կարողանում է մի քանի ցախ սղոցել ընդամենը: Հետո ճյուղերը, մի կերպ քարշ տալով, հասցնում է տուն, մասնատում, որ կարողանա դատարկ սենյակի սառը պատերը մի փոքր ջերմացնել:

 

Այսպիսի դժվարություններ բաժին են հասել Գյումրիում և գյուղական համայնքների հարյուրավոր տնակներում և կիսախարխուլ կառույցներում ապրող սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքների:

Շիրակին հատուկ ցուրտ ձմռան ամիսներին փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնն» արդեն 17 տարի իրականացնում է վառելափայտի բաժանման բարեգործական ձեռնարկ: Այս տարի, սակայն, այն լուրջ դժվարություններով է առաջ գնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասում է՝ սոցիալապես անապահով մոտ 5000 ընտանիք զրկված է բնական գազ ունենալու հնարավորությունից: Նրանց բոլորին վառելափայտով ապահովելն իրենց ուժերից վեր է, բայց տարի է եղել՝ 1500 ընտանիքի հոգս են հոգացել: Այս տարի, սակայն, վառելափայտը թանկ է:

 

«1 խմ 30 հազար դրամ է դարձել փայտը, դրան գումարած՝ կտրելը, պարկավորելը, չես կարող հսկա ծառը տանես միայնակ տարեցին, ասես՝ կտրեք վառեք: Փորձել ենք ձեռք բերել ծերացած այգիների փոխված ծառերը նաև, որ կարողանանք մարդկանց ինչ-որ կերպ նաև այս ձմռան ամիսներին օգտակար լինել, այլ ելք չկա, իրենք սպասում են մեր օգնությանը»,- ասում է Թումասյանը:

Վառելափայտի այս ծրագիրը պատասխանատու փրկօղակ է համարում, որը տարեցտարի սեղմվում, փոքրանում է:

 

Նախորդ տարի հնարավոր է եղել 750 ընտանիքի ապահովել վառելիքով: Այս տարվա համար դեռ հստակ թիվ չունեն, սակայն վառելիք քիչ կա: Սա ինչ-որ առումով ուղիղ կապ ունի այս նույն ՀԿ-ի կողմից իրականացվող բնակապահովման ծրագրի հետ:

«Նախորդ տարիներին, որ բնակարան էինք տալիս, տնակը վերցնում, քանդում էինք, փայտն այս ամիսներին բաժանում էինք: Հիմա ոչ մի բնակարան չենք տվել, այսինքն՝ որևէ տնակ չենք քանդել ու կուտակած վառելափայտ չունենք: Մի քիչ քարածուխ կարող էինք տալ, բայց մարդիկ դրան հարմար վառարաններ չունեն, որ կարողանան քարածուխը վառել. բարակ վառարաններ են, դրանք չեն դիմանա: Մնում է մի կերպ փայտ հայթայթենք, որ ձմեռը դուրս գան մարդիկ»,- մանրամասնում է Թումասյանը:

 

Այս տարի եղած նախկին շահառու ընտանիքների թիվն է ավելացել: Աջակցության առաջին գծում են ԼՂ-ից բռնի տեղահանված և Շիրակի մարզի աղքատ ու հյուսիսային գյուղերում հաստատված ընտանիքները:

Նրանց վառարաններ են տվել, փայտ, նաև՝ աթար առաջարկել: Սկզբում՝ զարմացել, հետո փորձել, հարմարվել են:

«Որ սկզբում ասեցինք՝ աթար կարելի է վառել, էկոլոգիապես մաքուր է, ավելի էժան է նաև, շատ զարմացան: Ասում էին՝ մենք Արցախում երբեք աթար չենք վառել: Բայց հիմա սկսել են գնել, Անիի, Աշոցքի շրջաններում ապրողները հատկապես: Հիմա սննդից առաջնային, կարելի է ասել, ինչ-որ տեղ վառելիքն է: Հնարավոր է կիսասոված մնալ, բայց ցրտին դիմանալ չի լինում»,- ասում է նա:

 

Թումասյանն ասում է՝ դեռ մի քանի տարի առաջ էր բարձրաձայնում, որ աղքատությունը ոչ միայն Գյումրիում, այլ գյուղերում է խորանում:

«Գյուղացին անասնագլխաքանակը կրճատեց, մորթեց կենդանիներին կեր չունենալու պատճառաբանությամբ՝ մոռանալով, որ անասունները նաև կաթ, պանիր և, ի վերջո, ձմռան վառելիք էին ապահովում: Հիմա գյուղ կա, որ հենց գյուղից աթար է գնում, անտրամաբանական է սա»,- ասում է Թումասյանը:

 

Գյումրու քաղաքապետարանը ևս քաղաքացիներին վառելափայտ է տրամադրում: Մեր հարցին ի պատասխան՝ համայնքապետի մամուլի քարտուղարն ասում է, որ ծառերի էտից գոյացած փայտն են ամբողջությամբ բաժանում:

«Դիմումների հիման վրա է տեղի ունենում բաժանում: Դրանք ուսումնասիրվում են, ապա տեղի է ունենում վառելափայտի բաշխումը: Ընտրվում են՝ ըստ առաջնահերթության՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ, հաշմանդամություն ունեցողներ, միայնակ ծերեր»,- մանրամասնում է Սոնա Առաքելյանը:

Ըստ մամուլի քարտուղարի՝ այս տարվա հունվարից մինչ օրս վառելափայտ է տրամադրվել 450 ընտանիքի, յուրաքանչյուրին՝ մեկ չափաբաժին՝ 1 խմ. «Դիմումներն անհաշիվ են, ուստի վառելափայտի բաշխումն այնպես է կազմակերպվում, որ նույն անձն ամեն ամիս չստանա, և մյուսներն ընդհանրապես չօգտվեն ծրագրից»:

«Շիրակ կենտրոն»-ի քաղաքականությունն այլ է. փորձում են օգնել արդյունավետ: Թումասյանն ասում է՝ եթե տված փայտը վերջացել է, ու նույն ընտանիքը կրկին օգնություն է խնդրում, մերժել չեն կարողանում: Իրենց բոլոր շահառուներին արդեն դեմքով գիտեն: Ցուցակներն էլ 15 տարի գրեթե նույնն են:

Պակասող անունների համար ուրախ չեն: Աջակցություն խնդրողների շարքերից միայն միայնակ տարեցներ են դուրս գալիս. մահանում են:

Կիսվել սոց․ ցանցերում