Աբսուրդ է ավիացիան համարել ավելի վտանգավոր, Ադրբեջшնը մեքենայի ուղղությամբ էլ է կրակում. Արծրուն Հովհաննիսյան

«Ես այն մարդկանցից եմ, որ դեռ տասը տարի առաջ ասում էի՝ ՀՀ-ն, լինելով սպեցիֆիկ աշխարհագրական դիրքում և աշխարհաքաղաքական իրավիճակում, դատապարտված է ունենալ ուժեղ ավիացիոն դոկտրին»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ չվերթերի մեկնարկին:

«Հայաստանի ավիացիոն կոմպոնենտը պիտի շատ ուժեղ լինի: Ոլորտի զարգացման համար հարկավոր են օդանավակայանների փոքր ցանցեր, ինչպիսին Կապանի օդանավակայնն է, փոքր ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Ոլորտը Հայաստանում կամաց-կամաց զարգանում է, բայց մենք այստեղ այնքան շատ խնդիրներ ունենք՝ ավանդական ընկալումների, օրենքների, մշակույթի և այլնի տեսքով, որոնք շարունակում են օդում կախված մնալ»,- նկատում է նա՝ հավելելով, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ մեզանում ուղղաթիռները և ինքնաթիռներն ընկալվում են շատ ավելի վտանգավոր, քան մնացած փոխադրամիջոցները. «Այո, մենք կարծրատիպեր ունենք, որոշ մարդիկ վախենում են թռնել լեռներում, մտածում են՝ փոքր ինքնաթիռները պրոբլեմատիկ են, այն դեպքում, երբ Կապան կարելի է հասնել 4-5 ժամում, բայց թռչել 40 րոպեում, հասկանում եք, չէ՞, տարբերությունը»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ այդ կարծրատիպերը գալիս են խորհրդային ժամանակներից, ԽՍՀՄ-ն այդ առումով զարգացած չէր. մասնավոր ավիացիա կոչվածը չի եղել. «Ցավոք, նման թռիչքներ ՀՀ տարածքում էլ չեն իրականացվել, սակայն մեզ նման մշակույթի զարգացում է պետք, շա՜տ մեծ զարգացում, մեզ համար դա ռազմավարական, անվտանգային և տնտեսական նշանակություն ունի»:

Վերջինս նկատում է, թե այն որքան նպաստավոր կլինի տուրիզմի համար, երբ տուրիստը կամ քաղաքացին 30-40 րոպեում հասնի Մեղրի, Կապան, Գյումրի կամ Ստեփանավան ու Նոյեմբերյան:

«Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ում գործող մասնավոր «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության ուղղաթիռները գերազանց ծառայեցին մեր անվտանգությանը, ֆանտաստիկ ծառայություն մատուցեցին վիրավորների տեղափոխման հարցում և բառի բուն իմաստով հազարավոր կյանքեր փրկեցին»,- նշում է նա:

Հարցին, թե չի՞ կարծում, որ այդ վախը գալիս է նաև նրանից, որ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է, Հովհաննիսյանը պատասխանում է, որ հասկանում է, թե վախը որտեղից է գալիս: «Բայց պատկերացնո՞ւմ եք, որ եթե մենք զարգացած ենթակառուցվածքների՝ օդանավակայանների ցանց ունենայինք, համաշխարհային հարթակներում ինչքան մեծ աղմուկ կբարձրանար, եթե քաղաքացիական ինքնաթիռներ թիրախավորվեին»,- ասում է ռազմական փորձագետն ու ընդգծում, որ եթե Կապանում օդանավակայան չլիներ, լիներ, օրինակ, շոկոլադի գործարան, չէի՞ն թիրախավորվելու. «Եթե ռազմավարական նշանակություն ունի՝ աշխատատեղեր է ավելացնում, եկամուտ է բերում, հետաքրքրություն է ավելացնում, բնակչության համար զբաղվածություն է ավելացնում, Ադրբեջանը կփորձի կամ կուզենա թիրախավորել տվյալ օբյեկտը, ու կապ չունի՝ գործարա՞ն է, օդանավակայա՞ն, թե՞ մեկ այլ բան: Եվ որքան մեծ համաշխարհային նշանակություն ունենա մեր դրած բիզնեսը կամ ենթակառուցվածքը, այնքան ավելի հեշտ կլինի Ադրբեջանի ագրեսիան մատնացույց անել և աշխարհին ի ցույց դնել»:

Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշում է՝ օդանավակայանները քաղաքացիական, ռազմավարական և ռազմական նշանակություն ունեն, և Հայաստանը դատապարտված է  ունենալ գոնե 10-15 բավականին զարգացած, թեկուզ փոքր չափերով և փոքր թռիչքուղիներով օդանավակայաններ:

«Կարծում եմ՝ առաջիկայում մասնագիտական մի հետաքրքիր զեկույցով էլ հանդես կգամ առ այն, որ պետք է ունենանք ազգային ավիացիոն հզոր դոկտրին, ինչո՞ւ, որովհետև մենք պետություն ենք, աշխարհագրորեն շրջափակված, և մեզ համար օդային փոխադրումները չափազանց կարևոր ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեն: Երիտասարդներին էլ կոչ եմ անում օգտվել նման ծառայություններից, հետաքրքրությունը ավելացնել ավիացիոն սպորտի, ավիացիոն տուրիզմի հանդեպ, որպեսզի պետությունն ու բիզնեսմեններն էլ շահագրգռված լինեն բիզնեսը զարգացնել»,- կարծում է նա:

Իսկ այն մարդիկ, որոնք մեղադրում են իշխանություններին Կապանի օդանավակայանը գործարկելու, չվերթերը վերականգնելու և իբր քաղաքացիների կյանքը վտանգելու համար, Հովհաննիսյանը դրանք անհեթեթ խոսակցություններ է համարում կամ նպատակաուղղված հակապետական գործունեություն ու տարրական տգիտություն:

«Իսրայելը ՀՀ-ից 2,5 անգամ փոքր տարածք ունի, բայց ունի շատ զարգացած ավիացիոն ինստիտուտներ, սկսած ռազմական ավիացիայից, որի ինքնաթիռների քանակը կազմում է մոտավորապես 500 միավոր, դա ավելին է, քան Ֆրանսիայինը: Եվ, ընդհանրապես, աշխարհում չկա մի զարգացած պետություն, որը չունի ավիացիոն հզոր ինստիտուտներ»,- ընդգծում է նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ ՀՀ տարածքում ոչ բարյացկամ հարևանների պատճառով ցանկացած տեղում էլ կարող է վտանգ լինել: «Ընդհանրապես աբսուրդ է ավիացիան կոնկրետ տվյալ դեպքում համարել ավելի վտանգավոր, քանի որ Ադրբեջանը մեքենայի ուղղությամբ էլ կարող է կրակել ու կրակում է: Ես կուզենամ, որ ոչ միայն Երևան-Կապան, այլ նաև Երևան-Գյումրի, Երևան-Ստեփանակերտ, Երևան-Մեղրի, Երևան-Սիսիան թռիչքներ լինեն, ու հասարակության վերաբերմունքն էլ ժամանակի հետ կփոխվի, և ամեն ինչ կընկնի իր տեղը»,- հավատացած է նա:

Կիսվել սոց․ ցանցերում