Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրիի սպանության հետևանքներին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում են երկրի լրավամիջոցները:

Չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակում Իրանի պաշտպանության նախարարը լրագրողներին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը շփոթության կմատնի Միացյալ Նահանգներին:

«ԱՄՆ-ը խախտել է տարածաշրջանային հավասարակշռությունը, և այս սպանության հետևանքները թափվելու են նրանց վրա», — նախազգուշացրել է նա:

Դիմադրության ուժերի դեմ նման քայլերը միայն կուժեղացնեն տարածաշրջանային համերաշխությունը ամերիկյան քաղաքականության դեմ, նշել է իրանցի նախարարը՝ զգուշացնելով Վաշինգտոնին, որ «իր ռազմավարական սխալները կխռովեն տարածաշրջանը և հակառակ հետևանք կունենան ԱՄՆ-ի ծրագրերի վրա»։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Սալեհ ալ-Արուրին սպանվել է երեքշաբթի օրը իսրայելական անօդաչուի հարվածից Բեյրութի հարավային Դահիա արվարձանում։

Կիսվել սոց․ ցանցերում