ԲԱ ՓՉԱՑԱԾ ԱՊՐԱՆՔԸ ՀՈ ՏՈՒՆ ՉԵ՞Մ ՏԱՆԵԼՈՒ

Հայաստանի եւ Արցախի գլխին կախված վտանգը մեր տոտալ անտարբերության հետեւանքն է։ Երբ պետական ու հանրային շահը ստորադասում ես անձնականին, երբ սեփական տարածքդ դարձնում ես անձեռնմխելի, իսկ հանրայինն ուղարկում գրողի ծոցը, երբ «ի նպաստ»-ը գործի ես դնում միայն հօգուտ սեփական անձի, տուժում են երկիրն ու պետությունը։

Համոզվելու համար բավական է մեկ անգամ երթեւեկել Երեւան-Արմավիր մայրուղով եւ «մուշտարու աչքով» զննել երթեւեկելի մասից դուրս գտնվող հատվածը․ գլուխդ կպտտվի աղբի կուտակումներից։ Սկսած Հովտաշատի, Ծիածանի եւ Ակնալճի վարչական տարածքները ներառող ճանապարհահատվածից՝ դեմ-հանդիման կելնես աղբի անհաշվելի բլուրների։ Դրանք նետված չեն ավտոմեքենաներից, ոչ էլ քամին է բերել կուտակել, որովհետեւ վարորդները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, մեքենաներից դուրս են նետում հիմնականում ծխախոտի մնացորդներ, տուփեր, երբեմն էլ՝ պլաստիկե տարաներ, բայց ոչ երբեք ահռելի քանակությամբ փչացած կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, եգիպտացորեն… Քամին նույնպես չի կարող ապրանքային տեսքից ընկած գյուղմթերքը տարբեր տեղերից հավաքել ու բերել, կողք-կողքի լցնել ճանապարհի եզրին։

Մեր հարցին՝ ովքե՞ր են աղտոտում միջավայրը, մայրուղու եզրին գյուղմթերքի առեւտուր անողներից մեկն ասաց՝ մերոնք, նկատի ուներ պտուղ-բանջարեղեն վաճառող իր գործընկերներին։ «Բա փչացած մթերքը որտե՞ղ թափենք։ Հո հետ չե՞նք տանելու՝ տանը աղբ կուտակենք։ Կիլոներով ապրանք չենք կարողանում վաճառել։ Մնում փչանում է։ Օրվա վերջում ջոկում՝ վատերը թափում ենք, բայց չենք նետում որտեղ պատահի, կուտակում ենք այն մասում, որտեղ կանգնում ենք»։

Հասկանալով, որ ինքնախոստովանությունը կարող է գլխացավանք դառնալ, կարտոֆիլ վերավաճառող զրուցակիցս մեղքի մի չափաբաժին էլ ուղղեց ճանապարհը սպասարկող ընկերություններից մեկին։ «Կանաչապատման աշխատողներն էլ իբր մաքրություն են անում․ տեսել եմ՝ ոնց են ճանապարհի եզրերը մաքրելուց հետո աղբը հավաքում ու լցնում երթեւեկելի մասից դուրս, դաշտերի մեջ։ Եթե իրենց կարելի է, մե՞զ ինչու չի կարելի։ Գոնե մեր թափածը փչացած միրգ-բանջարեղեն է, որ կարող է հողի մեջ պարարտանյութ դառնալ։ Բա իրե՞նց թափածն ինչ է…»:

Ուրիշի վատ օրինակով առաջնորդվող ու անձնական շահն ամեն ինչից բարձր դասող բիոմասսայի հետ խոսել բնապահպանության կարեւորության, մաքուր միջավայրի, բնության վերադարձելիության օրենքի մասին, ժամավաճառություն է։ Նրանք անսասանելի են իրենց կարծիքներում, անդրդվելի՝ իրենց ընտրության մեջ։ Այդ նրանք էին, որ 2021 թվականին լեգիտիմացրին պատերազմում պարտված իշխանությանը՝ հարվածելով Հայաստանի ողնաշարին, իսկ Արցախը դարձրին Լեռնային Ղարաբաղ։

ՀԳ․Որերորդ դեպքն է, երբ գյուղացին կամ վերավաճառողը միրգ-բանջարեղենը փչացնում թափում է, բայց չի էժանացնում։ Չարչարվել եմ, որ էժա՞ն տամ՝ ասում են նրանք, իսկ օրվա վերջում չվաճառված ու փչացած մթերքը թափում են, գնում տուն։ Բայց չէ՞ որ ինչ-որ մարդիկ, որոնք ի վիճակի չեն գնել իրենց համար չափից դուրս թանկ այդ մթերքը, կարող էին դրանով ապրել, եթե վաճառողները մի քիչ հումանիստ լինեին ու ոչ այդքան ագահ:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f45cc5c4f195d34d453fa1facd9eaa12

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում