Չինարի, Արցախից բռնի տեղահանված Բալայանների (Ասկերանի Ռեւ գյուղից) հարկի տակ. 14 հունվարի, 2024թ
Այսօր ավարտեցինք Չինարիի ծրագիրը, որը սիրահոժար և ամբողջությամբ իր վրա էր վերցրել Ֆրեզնոյի հայ համայնքն ու Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը:
Չինարիում հաստատված մեկ տասնյակ ընտանիքները ապահովվեցին նոր բաղնիք-զուգարանով՝ սալիկապատ, տաք ջրով, ջրի բակով… Այս 10 ընտանիքներում դպրոցահասակ և մանկապարտեզի մոտ 30 երեխա կա:
Ընտանիքներից երկուսում 5-ական երեխաներ կան, 1-ում՝ 4:
Հույս ծրագրով սա 3-րդ գյուղն էր, որ ամբողջապես հոգացել է Ֆրեզնոն՝ Բերդավան, Չինարի, Դավիթ Բեկ:
Հերթում ևս 1 գյուղ կա՝ 7 ընտանիք, Նախիջևանի սահմանին, որի մասին կհայտնենք առաջիկա օրերին:
Ֆրեզնոյի հայերը լուրջ ներդրում են ունեցել նաև Բարեկամավանում, որտեղ ծրագիրը կշարունակվի ևս 2 ամիս և որտեղ նվիրատվություններ են արել մեկ տասնյակ անհատներ և ընտանիքներ: Այսօր նրանց միացան ևս 2 հոգի, որոնց մասին կգրեմ ավելի ուշ:
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր օգնում են սահմանին հաստատված և նոր կյանք սկսող արցախցիներին, որպեսզի նրանք կապվեն Հայաստանի հող ու ջրին, մտքում չունենալով Ռուսաստան կամ այլ օտար երկիր:
Չինարիի ծրագրի հաջող իրագործման համար մեծագույն ներդրում ունեցավ գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը, ով ազնվագույն կերպով և համակ նվիրումով կատարեց այս համատեղ գործը:
Շնորհակալություն, պարոն Սաղոյան:
Սարսափելի հոգնած եմ, անգլերենով՝ burning the candle at both ends, բայց հոգեպես բավարարված եմ և պատրաստ շարունակել:
Թ.Հ.
Հույս ծրագրի համակարգող, կամավոր
