Առողջության համար վտանգավո՞ր են արդյոք հանրային լողավազանները, թե՞ ոչ. ով է իրականացնում վերահսկողությունը

Ամռան ամիսներին բացօթյա հանրային լողավազաններ այցելողների թիվը կտրուկ ավելանում է: Դրանք, ինչ խոսք, իսկական փրկություն են տապին, բայց, միևնույն ժամանակ, հանրային լողավազաններից օգտվելը մարդկանց համար կարող է լինել վտանգավոր և անցանկալի հետևանքներով։

Մասնավորապես, եթե ջրի սանիտարական և համաճարակաբանական նորմերը չպահպանվեն, այդ թվում՝ կենտրոնների՝ տեղում տրամադրվող սրբիչների, պառկաթոռների (տապչաններ), հանդերձարանների և այլ պարագանների, ապա հավանականությունը մեծ է, որ անձն իր հանգիստը վայելելու հետ մեկտեղ կարող է վարակվել որևէ հիվանդությամբ։

Մաշկաբան Նելլի Թովմասյանի խոսքով՝ ջրի սանիտարական նորմերի և հիգիենայի բացակայության դեպքում հավանականությունը մեծ է հատկապես սնկային հիվանդություններով վարակվելու, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար:

«Շատ վտանգավոր է մաշկաբորբը, որով նույնպես կարող են վարակվել, եթե անհրաժեշտ հիգիենայի նորմերը բացակայում են։ Եթե արդեն ունեն մաշկային հիվանդություն, սակայն ոչ այլ անձից մյուսին փոխանցվող և օգտվում են ոչ այդքան մաքուր բացօթյա լողավազաններից, ապա կարող է այդ հիվանդության սրացում տեղի ունենալ։ Ջրում քլորի մեծաքանակ առկայությունը նույնպես կարող է մեծ և վատ ազդեցություն ունենալ անձի համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Սնկային հիվանդություններով վարակվելու դեպքում անձը ախտանշանները կարող է նկատել 3-10 օր հետո կամ հենց հաջորդ օրը։ Սկզբում քոր է գալիս, մաշկը չորանում է, կարող են վերքեր առաջանալ։ Առաջին ախտանշանների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

«Եթե չայցելեն բժշկի, ապա հիվանդությունը կբարդանա, առաջ կգան նոր հետևանքներ։ Այդ ընթացքում անձն էլ կհամարվի վարակի աղբյուր։ Լողավազանի ջուրը սնկային հիվանդություն ձեռք բերելու տեսանկյունից իրականում վտանգավոր չէ, ջրից վախենալ պետք չէ: Սակայն, երբ մենք ջրից դուրս ենք գալիս և բոբիկ քայլում ենք, չենք մտածում, որ մեզանից առաջ կարող է քայլած լինել մեկը, որից հնարավոր է վարակվել»,- նկատում է մասնագետը:

Վարակվելու հաջորդ հավանական պարագաները լողավազանների տարածքում տեղադրված պառկաթոռներն են (տապչաններ), ոչ այդքան լավ ախտահանված սրբիչները, անգամ ոչ մաքուր հանդերձարանները․ «Եթե պառկաթոռները պլաստմասայից են, ապա անհանգստանալ պետք չէ, որովհետեւ այնտեղ ծակոտիներ չկան, և սնկային հիվանդության մանրէները դժվար պահպանվեն, բայց եթե պառկաթոռը փայտից է, հատկապես՝ չմշակված, մեծ է հավանականությունը ձեռք բերելու ինչ-որ խնդիր: Սրբիչների դեպքում էլ անհրաժեշտ է լողավազան այցելելիս տանել սեփական օգտագործման սրբիչը, նույնը վերաբերում է նաև հողաթափերին»։

Վերջինիս խոսքով՝ այս ամենը չի նշանակում, որ կարելի է վախենալ լողավազան այցելելուց, կամ էլ պետք է օգտվել այնպիսի վայրերից, որտեղ մաքրությունն առաջին հայացքից նկատելի է, և պահպանվում են սանիտարական և հիգիենայի բոլոր նորմերը։

Իսկ ո՞ր պետական մարմինն է հսկողություն իրականացնում բացօթյա լողավազաններում՝ սանիտարական և համաճարակաբանական նորմերի պահպանման համար։

Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, խնդրի վերաբերյալ նկատում է՝ վերահսկողությունը տեսչականն իրականացնում է «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ։ Այդ կանոնները, ըստ նրա, տարածվում են թե՛ նոր կառուցվող, թե՛ վերակառուցվող և արդեն իսկ գործող բացօթյա, սպորտային և առողջապահական նպատակներով օգտագործվող լողավազանների դեպքում։

Նշված վայրերում տեսչականը վերահսկողություն իրականացնում է «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Վարչության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։ Այսինքն՝ եթե տվյալ վայրերի ստուգումների պլանը ընդգրկված է տեսչականի տարեկան ծրագրում, ապա վերահսկողությունը իրականցվում է տարվա մեջ մեկ անգամ, նաև դիմում-բողոքների հիման վրա։ Այս ընթացքում տեսչական մարմինը ստացել է ընդամենը երկու դիմում։

Բացօթյա լողավազաններից օգտվող մի քանի քաղաքացիներ էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում են՝ կա՛ն լողավազաններ, որտեղ մաքրությունն ու անհրաժեշտ նորմերի պահպանումը նկատվում են առաջին հայացքից, դրանց կողքին կան նաև այնպիսիները, որտեղ որոշ վայրերում մաքրություն անգամ չկա:

«Հանդերձարաններն ու լոգախցիկները երբեմն մաքուր չեն լինում, հատկապես, եթե թույլատրելի չափից շատ անձանց են ներս թողնում: Օրինակ, եթե իրենց կանոններում գրված է մուտքը թույլատրելի է մինչև 100 մարդու դեպքում, սակայն իրենք խախտում են այդ կանոնները և ներս ընդունում 200 մարդ, այդ դեպքում չես կարողանում նորմալ օգտվել թե՛ հանդերձարաններից, թե՛ լոգախցիկներից, ինչպես նաև մեծ քանակությամբ մարդկանցից լողավազանի ջուրն էլ է կեղտոտվում, եթե լողավազանը չունի ֆիլտրեր»,- ասում է Նելլի Սարգսյանը։

Մեկ ուրիշ քաղաքացու խոսքով՝ որոշ վայրերում ամեն ինչ խիստ ուշադրության տակ է առնվում: «Մի քանի անգամ օգտվել եմ տարբեր լողավազաններից, որտեղ զգացել եմ, որ իսկապես մաքրությանն ուշադիր են։ Նախ, եթե արդեն լրանում է թույլատրելի մարդկանց քանակը ներսում, այլ մարդկանց ներս չեն թողնում. կա՛մ խնդրում են սպասել, կա՛մ էլ պարզապես գնում են այդ մարդիկ։ Սրբիչները հատուկ փաթեթավորված են, վերցելուց ու օգտվելուց նկատում ես, որ մաքուր են, որոշ վայրերում խնդրում են ունենալ սեփական սրբիչը»,- ասում է քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ:

Մենք նաև փորձեցինք հարցում անցկացնել որոշ բացօթյա լողավազանային կենտրոններից, թե ինչպես է տեղի ունենում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, որքան ժամանակում է ջուրը ֆիլտրվում, փոխվում, սակայն գրեթե ոչ ոք չցանկացավ պատասխանել մեր հարցերին։

Օրինակ՝ VAHAKNI POOL-ից ասացին, որ այդ բոլոր հարցերին տիրապետում է լողավազանի պատասխանատուն, որը տեղում չէ, Multi Open Pool-ից էլ խոստացան զանգահարել մի փոքր ուշ, որից հետո այլևս չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: MANDARINKA PARK-ից էլ ասացին, որ չեն ուզում պատասխանել տվյալ հարցերին։ Իսկ HILLS SPORT COMPLEX-ի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վայրում վերահսկողությունը իրականացնում է տեսչական մարմինը, կենտրոնի վստահեցմամբ՝ հետևում են սանիտարահիգիենիայի բոլոր կանոններին, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը շարունակել։ Ունեն բժշկուհի, որը հետևողական է մնացած այլ հարցերի պահպանման հարցում։

Կիսվել սոց․ ցանցերում