«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն մի քանի ամիս թղթաբանական ու դատական քաշքշուկների մեջ է՝ կապված իր շենքի հարեւանությամբ ընթացող շինարարության հետ: «Օրրանի» ղեկավարությանն անհանգստացնում է իրենց կողքին կառուցվող շինության բավական մոտ լինելը. սա, նրանց համոզմամբ, հակասում է գործող օրենսդրության պահանջներին, քանի որ չեն պահպանվում, մասնավորապես, հրդեհային անվտանգության նորմերը:
2002 թ. պետական գրանցում ստացած կազմակերպությունը 2005-ից գործում է Երեւանի կենտրոնում՝ Եկմալյան 1-ին փողոցի 6 հասցեում: Սրա հարեւան հողը ձեռք է բերել քաղաքացի Արգամ Հովհաննիսյանը, որը հիմա կառուցապատում է իրականացնում այդ հողի վրա: «Օրրանի» նախագահ Արմինե (Արմենուհի) Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ Արգամ Հովհաննիսյանը եղել է իրենց հարեւանությամբ կառուցված բնակելի բարձրահարկի շինարարը, ժամանակին նորմալ հարաբերությունների մեջ են եղել, «Օրրանը» տարբեր առիթներով օգնել է Հովհաննիսյանին այդ շենքը կառուցելիս, սակայն 2021-ից հետո խնդիրներ են ծագել:
Այսպես՝ 2021 թ. փետրվարին Արմինե Հովհաննիսյանը գրավոր համաձայնություն է տվել Արգամ Հովհաննիսյանին առ այն, որ չի առարկում նրան պատկանող Եկմալյան 6/1 հասցեում հասարակական նշանակության երկհարկանի շինության կառուցմանը: Ըստ էսքիզի՝ շինության մի հատվածը պետք է լիներ մեկհարկանի, իսկ «Օրրանի» շենքին հարող հատվածը՝ երկհարկանի (տես ստորեւ): Սրա մեջ տիկին Արմինեն որեւէ խնդիր չի տեսել:
Պատմում է, որ դրանից մի քանի օր անց Արգամ Հովհաննիսյանը կրկին թուղթ է բերել: «Օրրանի» ղեկավարը ենթադրում է, որ պատճառը գուցե եղել է նախորդ համաձայնության մեջ նշված սխալ հասցեն (Եկմալյան 6/1) կամ էլ այլ հանգամանք: «Արգամը թղթով եկավ, ասեց՝ ստորագրես-չստորագրես, ես կառուցելու եմ, ասեցի՝ դե, ուրեմն ոչ մի այլ թուղթ չեմ ստորագրելու»,- նշում է Արմինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ երկրորդ թղթում գրվածն ինքն այդպես էլ չի տեսել ու չի ստորագրել: 2021-ի փետրվարին իր տված համաձայնությունը, ըստ տիկին Արմինեի, եղել է իր կողմից ստորագրված միակ փաստաթուղթը: Ցույց տալով այն՝ «Օրրանի» նախագահը շեշտում է, որ դրանում որեւէ բան գրված չէ իրենց կազմակերպության եւ նախատեսվող շենքի միջեւ հեռավորության մասին, եւ ինքը չէր էլ կարող ենթադրել, որ կառուցապատումն ընթանալու է օրենսդրական խախտումներով:
2021-ի նոյեմբերին Երեւանի քաղաքապետն Արգամ Հովհաննիսյանին հասարակական նշանակության շինության նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) է տվել Եկմալյան 6 հասցեում (ուշադրություն դարձրեք հասցեի փոփոխությանը): Առաջ անցնելով նկատենք, որ երբ հետագայում Արմինե Հովհաննիսյանը տարբեր պետական ու համայնքային մարմինների բողոքել է արդեն ընթացող շինարարության դեմ, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ի պատասխան, նրան հայտնել է, որ դեռ 2022-ի մարտի 18-ին թե՛ Արմինե Հովհաննիսյանը, թե՛ հարեւանությամբ առկա Արամի փողոցի 82-84 շենքերի համատիրության նախագահ-կառավարիչը գրավոր համաձայնությամբ չեն առարկել Եկմալյան 6 հասցեում Արգամ Հովհաննիսյանի կողմից հասարակական նշանակության երկհարկանի շինություն կառուցելուն, եւ կցել է այդ փաստաթղթերի պատճենները: Համաձայնությունների մեջ տեսնում ենք, որ նախատեսվող շինության էսքիզը 2021-ի փետրվարին Արմինե Հովհաննիսյանի կողմից ստորագրված փաստաթղթում առկա էսքիզի համեմատ փոփոխված է. նոր էսքիզում շենքն ամբողջությամբ երկհարկ է, նաեւ նկուղային հարկ ունի: Բայց հարցն այստեղ ոչ այնքան շենքի տեսքն է, որքան այն, որ մեր հարցադրումից հետո Արմինե Հովհաննիսյանը զարմացավ, թե չի նկատել, որ իր ստորագրությամբ նման թուղթ կա (տես ստորեւ):

Ամբողջական նյութը՝


