Խաբեության նոր սխեմա՝ Telegram-ում․ ինչպ՞ես են մոլորեցնում օգտատերերին և գողանում նրանց գումարները

«Կասպերսկու լաբորատորիա»-ն հայտնաբերել է նոր սխեմա, որը Telegram մեսենջերում օգտագործվում է գումար, անձնական և ֆինանսական տվյալներ գողանալու համար։ Ընդորում՝  խաբեբաները քողարկվում են առցանց արժույթի փոխանակման ծառայության ներքո, այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ընկերության մասնագետները հայտնել են, որ չարագործները գումար են կորզում քաղաքացիներից և միևնույն ժամանակ ստանում են նրանց մասին իրենց անհրաժեշտ անձնական և ֆինանսական տվյալները՝ ներկայանալով որպես առցանց արժույթի փոխանակման ծառայություն։

Խարդախները ստեղծում են կայքեր, որոնք իբր նախատեսված են արժույթի և կրիպտոարժույթների փոխանակման համար։ Երբ օգտատերը որոշում է փոխանակել արժույթը, նրան խնդրում են գնալ Telegram բոտ: Այնտեղ քաղաքացուն առաջարկում են դիմում լրացնել։ Օպերատորը ճշտում է, թե հաճախորդի համար կանխիկի ստացման որ կետն է հարմար, երբ և ինչ թղթադրամներով, ինչպես նաև նրա անձնական տվյալները՝ հեռախոսահամարը, բանկը։ Քաղաքացուն համոզում են, որ միջոցները կստանա գումարը փոխանցելուց հետո 40-60 րոպեի ընթացքում։ Սակայն իրականում օգտատերը պարզապես կորցնում է իր միջոցները, ինչպես նաև վտանգի տակ դնում անձնական տվյալները։

«Կասպերսկու լաբորատորիա»-ի բովանդակության ավագ վերլուծաբան Օլգա Սվիստունովան ասել է, որ վերջին տարիներին հանցագործներն սկսել են ավելի հաճախ օգտագործել Telegram բոտերը խարդախ սխեմաներ իրագործելու համար։ Ըստ նրա՝ հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ ոչ բոլորն են հասկանում, թե ինչպես են աշխատում նման ծառայությունները, և որ յուրաքանչյուրը կարող է նման բոտ ստեղծել իր նպատակների համար:

Նա քաղաքացիներին կոչ է արել հետևել թվային անվտանգության հիմնական կանոններին։ Օրինակ՝ պետք է զգուշանալ, եթե վճարման տվյալները ցույց են տալիս, որ գումարը պետք է փոխանցվի ոչ թե իրավաբանական անձի, այլ ֆիզիկական անձի: Նա խորհուրդ է տալիս ֆինանսական գործարքների համար օգտագործել միայն պաշտոնական, հուսալի ծառայություններ:

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանում խարդախները բանկերի հաճախորդներին խաբելու նոր սխեմա են մշակել, որն իրականացնում են սոցքարտերը փոխարինելու պատրվակով։

Չարագործները զանգահարում են քաղաքացիներին և ներկայանում որպես սոցիալական ծառայության աշխատող, ինչից հետո բանկի հաճախորդներին համոզում են, որ պետք է թարմացնեն իրենց սոցքարտերը։ Եթե հաճախորդը խայծը կուլ է տալիս և համաձայնում, նրան խնդրում են տալ իր բջջային հեռախոսահամարը՝ պարզաբանելով, թե դա հարկավոր է, որպեսզի նոր քարտի պատրաստ լինելու մասին SMS կոդն ուղարկվի հեռախոսին։ Սակայն, այդ կոդն իրականում հաճախորդի առցանց բանկինգի օգտահաշիվ մուտք գործելու համար է:

Կիսվել սոց․ ցանցերում