Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Գավառ-Երևան «Գազել»-ի կողաշրջման դեպքից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունվարի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում: Չայնիի ոլորաններում 20-ից ավել մեքենա է բախվել, ուղևորատար «Գազել»-ը կողաշրջվել էր:

Դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է հետևյալը.

«Հունվարի 23-ին` ժամը 10․20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124կմ հատվածում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթուղով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։

Դրա հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը, բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ։

Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

 

https://www.facebook.com/abrahamyangor79/posts/1415946112373562?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում