Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը:
ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադարձ է կատարվել 2023թ. սկզբից Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ԼՂ-ում էթնիկ զտման կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերին՝ թե երկկողմ ձևաչափով, թե բազմակողմ հարթակներում, Հարավային Կովկասում կայունության ապահովմանը միտված ջանքերին, խաղաղության օրակարգին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարբեր երկրների, կառույցների հետ ՀՀ երկկողմ հարաբերություններում զարգացումներին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ օրակարգի առաջմղմանը:
ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադրձություններն ու դրան հաջորդած չգնաժամը:
«2023թ. առաջին օրերից Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակել է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին՝ փորձելով, բնականաբար, ապահովել միջազգային առավելագույնս և հնարավորինս լայն ներկայություն և միջազգային ջանքեր՝ ուղղված հարցի լուծմանը, Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը:
Տեղի է ունեցել նամակագրություն այս առումով և բազմաթիվ հեռախոսազանգեր իմ, այլ պաշտոնյաների կողմից, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն: Ելույթներ են եղել, օրինակ, զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, հանդիպումներ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի, ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի` զինված հակամարտություններում երեխաների հարցերով հատուկ ներկայացուցչի, մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ, բազմաթիվ այլ գործընկերների հետ, նաև երկկողմ հարթություններում:
Գործունեության արդյունքում նաև ՄԱԿ հատուկ ընթացակարգերի մանդատակիրները հրապարակել են հաղորդագրություններ, նամակներ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և դրա հետևանքներին և ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա սննդի, առողջության, կրթության և այլ իրավունքներից օգտվելու հարցում։
Ադրբեջանին կոչ է արվել վերացնել արգելափակումը։ Օգոստոսի 16-ին, կհիշեք, տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին ես եմ ելույթով հանդես եկել։ Արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ռազմական հարձակումից հետո Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ջանքերն ուղղվել են ռազմական ուժի կիրառման դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային ջանքերի և միջազգային կոնսոլիդացիայի ձևավորմանը։
Կրկին, այս անգամ Հայաստանի և Ֆրանսիայի պահանջով, տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ։ Այստեղ ևս ես ելույթով հանդես եմ եկել։ Հատկանշական է ՄԱԿ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամներից շատերը հանդես եկան բավականին իրավիճակն օբյեկտիվ կերպով արտացոլող դիրքորոշումներով։ Արժի հիշատակել նաև, որ բացի ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներից մասնակցում էին նաև այլ երկրներ։ Ես կուզենայի առանձնացնել նաև Եվրոպական միության բարձր հանձնակատարի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ունեցած ելույթները։ Բառացիորեն, օրեր անց, նույն բովանդակությամբ, ըստ էության, ելույթ եմ ունեցել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց հետո իրավիճակին անդրադարձել են ՄԱԿ մարդու իրավունքների մարմինները։ Կուզենայի առանձնացնել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում 40 երկրի անունից Ֆրանսիայի կողմից տարածված համատեղ հայտարարությունը։ Եվ, իհարկե, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր խորհրդականի՝ Ալիս Նդերիտուի երկու հայտարարությունները, որոնք հիշատակում են տեղահանված 100.000-ից ավել փախստականներին, և նշում էին, որ ոճրագործությունների ռիսկը դեռևս շարունակվում է առկա մնալ։
Գիտեք, որ գործընթացները նաև շարունակվել են իրավական հարթության վրա։ Մասնավորապես, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում, ուշագրավ է՝ միաժամանակ մերժելով Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի պահանջները։ Եվ ահա այս որոշմամբ դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվեցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը, ըստ էության, վերահաստատել է իր այս որոշումը, իսկ արդեն սեպտեմբերի 19-ից հետո, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 17-ին, Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ հաստատել է, որ կա հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ՝ պարտավորցնելով Ադրբեջանին պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարաձի իրավունքի իրացման համար։
Բնականաբար, զարգացումներ տեղի են ունեցել և մեր ջանքերը նաև ուղղված են եղել ՄԱԿ շրջանակներից դուրս այլ միջազգային կառույցների, ինչպես ասեցի, նաև երկկողմ ուղղություններով առանձին երկրների հետ աշխատանքներում։
2023 թվականին տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի չորս հատուկ նիստ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Երկուսին ինքս եմ մասնակցել և ելույթով հանդես եկել։ Եվրոպայի խորհրդի մի շարք պաշտոնյաներ և մարմիններ հանդես են եկել հայտարարություններով, դիրքորոշումներն են հրապարակել, այդ թվում՝ նախարարների կոմիտեում Իսլանդիայի նախագահությունը, գլխավոր քարտուղարությունը երկու անգամ, մարդու իրավունքների հանձնակատարը երկու անգամ։
Բնականաբար, Ադրբեջանի նկատմամբ միջոցներ կիրառելու վերաբերյալ նաև ՄԻԵԴ կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք արդեն Եվրոպայի խորհրդում և դրանց շուրջ քննարկումների համար բավական արդեն լայն կերպով հիմք են հանդիսացել և հղման առիթ են եղել։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից երկու բանաձև է ընդունվել. մեկը հունիսի 22-ին, մյուսն՝ արդեն նշածս ռազմական գործողություններից և էթնիկ զտումներից հետո՝ հոկտեմբերի 12-ին։ Եվ մասնավորապես այս վերջինով ԵԽԽՎ-ը դատապարտել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության հետևանքով։
Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին կրկին ընդունել է բանաձև, որով դատապարտել է նույն ռազմական ագրեսիան։ Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան գործադիր մարմինների՝ արտաքին գործերի նախարարության մակարդակով, հանդես են եկել հայտարարությամբ։
Օրինակ, Եվրոպական միության դեպքում կոչ է արվել Ադրբեջանին անպայմանորեն իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի և հուլիսի որոշումները։ Բոլոր դեպքերում դատապարտվում են Ադրբեջանի ռազմական գործողությունները, ուժի կիրառումը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության դեպքում առանձնահատուկ նշվում է, որ Ադրբեջանը, ըստ էության, խախտել է միջազգային հանրությանը տրված խոստումը՝ չդիմել ուժի կիրառման Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համատեքստում։ Նաև բազմաթիվ երկրների օրենսդիր մարմինների մակարդակում տեղի են ունեցել քննարկումներ, եղել են բանաձևեր, հայտարարություններ։ Կուզենայի նշել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը, Նիդերլանդների խորհրդարանը, Իսպանիայի Սենատը, Ավստրիայի Ազգային խորհուրդը։
Բնականաբար, էթնիկ զտման այդ գործողությունից և բռնի տեղահանությունից անմիջապես հետո Հայաստանի դիվանագիտական ծառայության ջանքերն ուղղված են եղել նաև փախստականների կարիքները հոգալուն և այդ համատեքստում միջազգային ջանքերի ներգրավվմանը, միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Կայացել են հանդիպումներ արտաքին գործերի նախարարությունում, նաև օտարերկրյա պետություններում, միջազգային կառույցներում։ Հոկտեմբերի 7-ին իմ և փախստականների հարցերով բարձր հանձնակատարի նամակների փոխանակման արդյունքում ՄԱԿ-ի և գործընկերների կողմից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքներին համահունչ Հայաստանի կառավարությանն աջակցելու համատեղ կոչը։
Մեկնարկել է ՄԱԿ միջգործակալական արձագանքման ծրագիրը, որն այդ պահին իր առջև նպատակ էր դրել հավաքագրել շուրջ 97 միլիոն եվրո։ Հանդիպումներ են տեղի ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի` Ֆիլիպո Գրանդիի հետ, նրա գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ, բազմաթիվ այլ վերաբերելի միջազգային պաշտոնյաների հետ։
Աջակցության ծրագրեր են իրականացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը, ինչպես նաև առանձին երկրներ՝ Ճապոնիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Դանիան, Կանադան, Շվեյցարիան, Կորեան։ Դրամական միջոցներ են հատկացվել ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
Նաև Չինաստանի, Եվրոպական միության, Կանադայի, Էստոնիայի, Լիտվայի, Չեխիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Ռումինիայի կողմից այլ խողովակներով նույնպես աջակցություն, մասնակցություն է ցուցաբերվել փախստականների կարիքները հոգալու ջանքերին։
