«Կենդանիների պաշտպանություն Հրազդանում» կազմակերպության «Ֆեյսբուք»-ի էջը ոչ հստակ տեսանելի լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ գիշերը Հրազդան քաղաքում գայլեր են նկատվել:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հստակ տեղեկատվություն չկա:
«Ես հանձնարարական եմ տվել թե՛ համատիրություններին, թե՛ ընդհանուր բաժնի պետերին, որ երեկոյին ժամերին հետևողական լինեն և ստուգեն՝ նման բան կարո՞ղ է լինել, թե՞ ոչ»,- նշեց համայնքապետը:
Նա չբացառեց, որ լուսանկարում պատկերված կենդանիները կարող են լինել նաև շներ կամ այլ կենդանիներ. «Մենք օրենքի շրջանակներում ամեն ինչ կանենք, որ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովենք, հետևողական ենք լինելու: Այս տարի կփորձենք փողոցային շների հարցին էլ լուծում տալ»:
Վերջինս նաև հայտնեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները վարչական շրջաններում գայլեր նկատել են, սակայն անհանգստանալու կարիք չկա, բայց նաև չպետք է զգոնությունը թուլացնել. «Պետք է հետևողական ու ուշադիր լինենք, որպեսզի վատ դեպքեր ու վատ հետևանքներ չլինեն մեր քաղաքացիների համար: Պետք չէ նաև խուճապ տարածել և վախի մթնոլորտ ստեղծել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
