ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է հանրակրթության պետական չափորոշչում (ՀՊՉ) փոփոխություն կատարել՝ «Հայոց պատմություն» դասընթացի անվանումը փոխարինելով «Հայաստանի պատմություն» արտահայտությամբ, ալեկոծել է հայոց պատմության գիտակներին։ Եվ ոչ միայն նրանց։ ԿԳՄՍ-ի առաջարկի կոշտ քննադատներն իրենց ասելիքը, սովորության համաձայն, կառուցում են հայտնի թեզի շրջանակներում՝ «թշնամին պահանջել է, իրենք էլ անում են»՝ պետական գերատեսչությանը մեղադրելով հերթական «հակահայկական», «հակագիտական» նախաձեռնության մեջ։ Եվ եթե նախքան այս բոլոր բարեփոխումների և հնարավոր փոփոխությունների պատվիրատուն, ըստ հակաիշխանականների տրամաբանության, Սորոսն էր, այժմ… Թուրքիան, Ադրբեջանը՝ չհաշված նրանց թիկունքում թաքնված «դավադիր» այլ ուժերը, որոնք, ինչպես հայտնի է, «մտադիր են ոչնչացնել հայու գենը»։
ՀՊՉ-ում նախատեսվող փոփոխության քննադատների թվում են նաև «Հայաքվե» կոչվող նախաձեռնության որոշ անդամներ։ Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը ընդհուպ որոշել է տապալել նախագծի ընդունումը՝ ուղղորդելով իր հետևորդներին, թե ինչպես «դեմ» քվեարկել նախագծին, որը զետեղված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ «Առաջարկում ենք հանրային քննարկումների այս փուլում լինել ակտիվ։ …Առաջարկություններ բաժնում գրառումներ կատարել և հորդորել՝ չընդունել այս նախագիծը»,- ասվում է «Հայաքվե»-ի «հորդորակում», և հերթականությամբ թվարկվում են այն քայլերը, որոնք պետք է անել՝ «ԴԵՄ» քվեարկելու համար։
Հարկ է նկատել, որ նախագծի վերաբերյալ e-draft.am-ում առաջարկներ են արել «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը, Ցոլակ Ակոպյանը՝ պահելով կոռեկտությունը։ ««Հայոց» պատմությունը շատ ավելի ընդգրկուն կոնցեպտ է և ներառում է մեր ժողովրդի պատմությունը նախապետական շրջանում, Ուրարտուի և Մեծ Հայքի պատմությունը, հայկական իշխանությունների և միջնադարյան թագավորությունների պատմությունը, և շատ ավելին: «Հայաստանի» պատմությամբ, որը վերաբերում է համեմատաբար նոր շրջանին, արհեստականորեն դուրս է թողնվելու դասավանդումից Հայոց պատմության զգալի մասը: Կտրականապես դեմ եմ այս հակագիտական, հակահայկական մոտեցմանը, հուսով եմ, որ հետ կկանգնեք այս վտանգավոր գաղափարից»,- գրել է Չալաբյանը, որի առաջարկությունն ընդունվել է «ի գիտություն» նախագծի հեղինակի կողմից։ Պ.գ.թ., դոցենտ Մենուա Սողոմոնյանի՝ ավելի ընդգգրկուն առաջարկությունն էլ արժանացել է այսպիսի արձագանքի. «Շնորհակալություն դիտարկումների համար, որոնք քննարկման ենթակա են»։
Նկատենք, որ նախագծի հետ առնչություն ունեցող մեկնաբանությունները, դատելով նախագծի քննարկման «ամփոփաթերթ»-ից, որտեղ էլ ներկայացվում են առաջարկները, մեծամասամբ ընդունվել են «ի գիտություն»։ Կան նաև այնպիսի դիտարկումներ, որոնք նախագծի հետ առնչություն չունեն, ընդամենը իշխանությանը տրված պիտակումներ են՝ «այ անբարոներ» և այլն։
Նկատենք, որ այս պահի դրությամբ e-drat.am-ում նախագծին «դեմ» քվեարկողները 52 տոկոս են (982 հոգի), «կողմ» քվեարկողները՝ 48 տոկոս (905 հոգի)։ Թե ովքեր են սեփական հայեցողությամբ քվեարկել և ովքեր՝ ուղղորդված, թերևս դժվար է ասելը։
Նշենք, որ ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները՝ 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանրային քննարկումը մինչև փետրվարի 7-ն է։
Ինչի՞ մասին է աղմուկ հանած նախագիծը
«Հարկ է նշել, որ տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն, և այդպես շարունակ։ Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը»,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։
ՀՊՉ-ում կատարվող փոփոխությունը, ըստ ներկայացված հիմնավորման, իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում:
Մասնավորապես, Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ներկայացվում տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակներում։
Հ. Մ.
