Արմավիրում հետևել ենք պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին. Մանավազյան

ՀՀ Ազգային ժողովի գործընկերներիս՝ Գևորգ Պապոյանի և Վահագն Ալեքսանյանի հետ աշխատանքային այցով եղել եմ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ միասին հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
«Առաջին կանգառն Արաքս համայնքի Գայ բնակավայրն էր, որտեղ այցելեցինք շահագործման հանձնված մանկապարտեզ, ծանոթացանք կատարված շինարարական աշխատանքներին, շենքային և գույքային պայմաններին: Սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի արժեքը 328․0 մլն դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվել է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ:
Այցի շրջանակներում եղանք նաև Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում, որտեղ «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ է կառուցվում: Ծրագրի արժեքը 472․25 մլն դրամ է, որը ամբողջովին ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից: Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:
Շրջայցի վերջին կանգառն Արմավիր համայնքի Այգեվան բնակավայրն էր, որտեղ այցելեցինք «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ: Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ էին: Ծրագրի արժեքը 920․0 մլն դրամ է, որը նույնպես ամբողջովին ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- գրել է Մանավազյանը:
Պատգամավորի խոսքով՝ կառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում կարևորել են շինարարական թերությունների վերացմանն ուղղված քայլերը, աշխատանքների բարձր որակը, ժամկետների պահպանումը:

Կիսվել սոց․ ցանցերում