Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք փոխել հիմնը և զինանշանը։ Ես չեմ ուզում փոխել հիմնը և զինանշանը։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ընդդիմության տեսակետների վերաբերյալ հարցերին։
«Հայոց պատմության առարկայի վերանվանումը, ես կարծում եմ այն փաստը, որ դա ընդդիմության քննարկման հիմնական թեմաներից է, խոսում է ընդդիմության քաղաքական ասելիքի բացակայության մասին, որովհետև, կարո՞ղ եք ինձ բացատրել Հայաստան բառի մեջ որևէ խնդիր կա, Հայաստանը մեր պետությունն է չէ՞, մեր հայրենիքն է։
Ընդ որում Հայաստանը և ներկայիս հայրենիքն է և ընդհանրապես պատմության մեջ էլ միշտ Հայաստանը եղել է մեր հայրենիքը։
Ի՞նչ խնդիր կա, որ առարկան կոչվի «Հայաստանի պատմություն»։ Արդյոք հայ ժողովրդի ամբողջ պատմությունը պատմություն չէ մի ժողովրդի մասին, որը անընդհատ փորձում է ստեղծել պետականություն, անկախանալ և պահել իր անկախությունը։ Այսինքն, ստեղծել պետություն և պահել այդ պետությունը»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև Արագածի շուջ ծավալվող մեկնաբանություններին՝ նշելով, որ փաստ է՝ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռն է։
«Դա չի նշանակում, որ Արարատ լեռը մեզ համար սիմվոլիզմ չունի, ընդ որում սիմվոլիզմ ունի և կրոնական տեսանկյունից և ավանդական տեսանկյունից»,- ասաց Ռուբինյանը ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, խմբակցությունը և կառավարությունը մինչ այս պահը հիմնը, զինանշանը փոխելու որոշում չունեն։
