Հնդկաստանի տնտեսությունն աճում է, իսկ Հարավասիական ավելի քան 1,4 միլիարդանոց հանրապետությունում աղքատության մակարդակը արագ տեմպերով նվազում է:
Այս մասին հայտարարել է Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուն՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի բյուջետային նիստի բացմանը։ Հեռարձակումն իրականացրել են տեղական հեռուստաալիքները։
«Եթե մենք այսօր նայենք տնտեսության տարբեր ասպեկտներին, ապա Հնդկաստանը ճիշտ ուղղությամբ է և առաջ է շարժվում՝ ճիշտ որոշումներ կայացնելով: Մենք բոլորս լսում ենք մանկուց աղքատությունը վերացնելու կարգախոսներ: Այժմ, մեր կյանքում առաջին անգամ, մենք տեսնում ենք. աղքատությունը մեծ մասշտաբով վերացվում է»,- ասել է Մուրմուն։
Նախագահի խոսքով՝ հնդիկ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը առաջնային նշանակություն ունի։
«Սա է կառավարության սոցիալական արդարության տեսլականը: Մենք կենտրոնանում ենք մեր երկրի մարդակենտրոն զարգացման վրա: Իմ կառավարությունը հավատում է, որ զարգացած Հնդկաստանի մեծ շենքը կկանգնի չորս ամուր սյուների վրա՝ ուժեղ երիտասարդություն, կանանց, ֆերմերների և աղքատների հզորացում: Նրանք ունեն նույն ձգտումները, և կառավարությունն աշխատում է բոլոր չորսին հզորացնելու համար», — ասել է Մուրմուն:
Նախագահը նաև հիշեցրել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Հնդկաստանում գնաճը 8%-ից նվազել է մինչև 5,1%։ Բացի այդ, տարբեր մակարդակների իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հեշտացնեն բիզնեսով զբաղվելը Հնդկաստանում: Հանրապետության Նախագահի խոսքով, հանրապետությունում արտադրվող ապրանքներն այսօր ճանաչված են ամբողջ աշխարհում։
«Make in India-ն դարձել է համաշխարհային բրենդ: Մեր արտադրանքը դարձել է գրավիչ և օգնում է մեզ շարժվել դեպի Ինքնապահովվող Հնդկաստան», — ասաց Մուրմուն:
Չորեքշաբթի օրը խորհրդարանի բյուջետային նստաշրջանի բացումը հատուկ ուշադրության է արժանացել, քանի որ այս նստաշրջանը վերջինն է Հնդկաստանում ապրիլ-մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ։ Նստաշրջանը կտևի մինչև փետրվարի 9-ը։ Հինգշաբթի օրը ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը կներկայացնի նոր ֆինանսական տարվա հանրապետության միջանկյալ բյուջեն։
