Հաճախ մտորում ենք, թե ինչ կասեին ու կգրեին մեր մեծերը, եթե ապրեին մեր օրերում, իրենց ժողովրդին պատուհասած հերթական արհավիրքի ականատեսը լինեին: Հետո վերընթերցում, կարդում ես նրանց գործերը ու հասկանում, որ ամեն ինչ ասված է, ժամանակին կանխատեսել են, մարգարեացել, միայն ականջալուր լինող էր պետք, որ չի գտնվել:
Գրական կյանքը լուսաբանող լրագրողներս առիթներ ունեցել ենք լսելու Գրողների միության իր սենյակում առանձնացած Հրանտ Մաթեւոսյանի մտորումները, թղթին հանձնելու: Ու թեեւ անկախ Հայաստանում որոնումների տեղապտույտում հայտնված գրողը մի առիթով ասաց. «Գրիչը ձեռքիցս ընկել է, կորցրել եմ ծառուղում իմ գրքին սպասող աղջկան », սակայն նրա հետ ամեն հանդիպում, հարցազրույց ստեղծագործություն էր, գիր ու պատգամ, մտահոգ քաղաքացու դիրքորոշում:
Հրանտը իր ժամանակի շատ գրողների նման տուրք չտվեց հայրենասիրական պաթոսին, հայրենասիրության մասին տարածված պատկերացումներին, փոխարենը փորձեց իր գրով քաղաքացի, երկրի տեր դաստիարակել: Հրանտը չէր կարող գրել եղեռնի մասին, որովհետեւ ասել էր, որ անկողմնակալ լինել չի կարող, փոխարենը զգուշացրեց. «Թուրքը ոչ, չի ճանաչելու ցեղասպանությունը, չի ընդունելու` թե ինքը ցեղասպան է, նրա կոմունիստը չի ընդունել-նրա ազգայնականը չի ընդունելու. ես ամեն առավոտ ծանր չկամությամբ եմ կանգնում պահանջատիրոջ իմ օրվա դեմ-նա` նրա քաղաքագետը, պոետը, ուսանողը, դիվանագետը` ինչու էր իր համար հոգս դարձնելու իր մեծ ցեղի յուրաքանչյուր անդամին հիշեցնել թե սա մեղքի ու պարտքերի մեջ խրված է. թուրքը իր հողը չի բաժանելու, իր ամբողջը չի կոտորակելու»:
Չգիտեմ, թե այսօր ինչպես է մատուցվում Հրանտ Մաթեւոսյանի գրականությունը դպրոցներում, որպեսզի արցախյան վերջին պատերազմից հետո կարողանայինք մեր շատ պատկերացումներ վերանայել, մեր իրական հերոսներին գնահատել` ըստ արժանվույն` կենաց օրոք հարգանքի տուրք մատուցելով: Պատգամներ կան, սակայն, որոնք պարտադիր ընթերցանության նյութ պետք է դառնան, կողմնորոշիչ եւ ուղեցույց.
«Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել` ինչքան մենք ենք ապավինում եւ հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա…ապա` երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար,- եւ դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջեւ ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար`եւ ի~նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից` իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա եւ ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք` եւ տես թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու` իմ որդիների ժողովուրդը»:
Հրանտ Մաթեւոսյանը կյանքից հեռացավ 2002թ. դեկտեմբերին, 67 տարեկանում, իր վերջին հարցազրույցների ժողովածուում պատգամելով` մի’ ուրացեք Ձեր եղբորը:
