Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ այսօր հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտին քվեարկության վերջին օրն է։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը:
Յուրաքանչյուր քվեարկությամբ յուրաքանչյուր գնային խմբից ընտրվելու է 4-ական համարանիշ։
Աճուրդին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք վճարել են համարանիշի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով նախավճար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում մի քանի հարյուր հայտ կա։
Ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում է, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ է (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար փետրվարի 9-ի դրությամբ 98 գրանցում կար:
Քվեարկությունը սկսվել է փետրվարի 2-ին և կշարունակվի մինչև այսօր՝ օրվա ավարտ:
