Գյումրիում նկարահանված «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «վառեմ-մարեմ» անունը ստացած պատշգամբը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում։ Հանրությունը պարբերաբար բարձրաձայնում է խնդրի մասին, մշտապես լսում ենք, որ շենքն ու պատշգամբը կվերանորոգվեն, բայց տեղաշարժ այդպես էլ չի նկատվում։
Խնդրի վերաբերյալ մենք զրուցել ենք Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ։
Վերջինս տեղեկացրեց, որ ներկա դրությամբ վերջնականապես չկա որևէ մեկը, որը պաշտոնապես պարտավորություններ է վերցրել վերականգնելու շենքը։ Իրենք էլ են ժամանակին ցանկացել վերականգնել շենքը, սակայն 2009 թվականից շենքի պատասխանատվությունն իրենց տիրույթում չի, այն հանձնվել է նախարարությանը։
«Վերանորոգման համար նախարարության հետ էինք աշխատում, տրվել էր ինկուբատոր ձեռնարկության, որ պետք է վերականգներ, նախագծային աշխատանքների տենդեր էր հայտարարվել, մասնակցություններ կային, պայմանագիրը կնքելու ժամանակ սառեցվեց ու մնաց։ Հետո վերականգնելու ցանկություն հայտնեց «Տաշիր գրուպ»-ը, հիմա այդ աշխատանքների մեջ են, որպեսզի այդ շենքի պատկանելության հարցը նորից լուծվի, որովհետև դա ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ էր»,- ասաց Հենրիկ Գասպարյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ըստ նախնական նախագծի՝ շենքի վերականգնումից հետո այն պետք է ծառայեր մշակութային նպատակների, այդ տարածք պետք է տեղափոխվեր Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, նախատեսված էր նաև պատկերասրահ, ինչպես նաև դրված էր արվեստանոցների ստեղծման հարց։
Նշենք, որ վերականգնված արձանագրությունը փաստում է, որ շենքը կառուցվել է 1879 թվականին Խաչատուր Աբովենցի կողմից, սկզբում այն ծառայել է որպես բնակելի տուն, հետո տրվել է Մանկավարժական ինստիտուտին, իսկ երկրաշարժից հետո շենքի մի մասը վնասվել է և այլևս հնարավոր չի եղել շահագործել, իսկ մյուս մասը 2012 թվականին վերանորոգվել է, և այս պահին այնտեղ գործում է մարզային գրադարանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
