Կալանավայրում մահացած ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, ամուսնու մահից հետո հրապարակային կոչով է հանդես եկել:
Նա վստահեցրել է, որ շարունակելու է ամուսնու գործն ու քաղաքական պայքարը։ Նավալնայան ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ալեքսեյի սպանության մեջ։ Նրա խոսքով, հայտնի է, թե ինչու է դա տեղի ունեցել, իսկ կատարողների անուններն ու այլ մանրամասներ շուտով հայտնի կդառնան։
«Այսօր առաջին անգամ ուզում եմ դիմել ձեզ: Երեք օր առաջ Վլադիմիր Պուտինը սպանեց իմ ամուսնուն՝ Ալեքսեյ Նավալնիին, Պուտինը սպանեց իմ երեխաների հորը, խլեց իմ ամենաթանկ բանը, ամենամոտ ու սիրելի մարդուն:
Ինչ-որ տեղ Հեռավոր Հյուսիսում գտնվող գաղութում, Արկտիկայի շրջանից այն կողմ, հավերժական ձմռանը Պուտինը սպանեց ավելին, քան պարզապես մի մարդ՝ Ալեքսեյ Նավալնիին: Նրա հետ միասին նա ուզում էր սպանել մեր հույսերը, մեր ազատությունը, մեր ապագան»,- իր ուղերձում ասել է Յուլիա Նավալնայան։
Նրա խոսքով, Ալեքսեյը բանտում անցկացրած վերջին տարիներին ապրել է շատ ծանր պայմաններում, երեք տարի անցկացրել է տանջանքների և խոշտանգումների մեջ։ Նրան պահում էին պատժախցում, բետոնե արկղում, սովամահ ու մրսած, բուժում չտրամադրվեց, կտրվեց աշխարհից։
«Ամուսնուս չէր կարող կոտրել, և հենց դրա համար էլ Պուտինը սպանեց նրան: Ամոթալի, վախկոտ, չհամարձակվելով նայել նրա աչքեր,- հայտարարել է Յուլիան՝ քաղաքական գործչի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում։
Նշենք, որ ավելի քան 50 հազար մարդ պահանջում է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութներից մեկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դին հանձնել հարազատներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
