Երևի պետք է Աрցшխում հեղափոխություն աներ և չթողներ իշխանությունը մնար այն մարդկանց ձեռքին, որոնք կապեր ունեն Հայաստանում հանցագործ կլանի հետ. Առստամյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահայտել է հետևյալ միտքը. «Մեր մեծագույն սխալը՝ հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ ԼՂ հարցում»:

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ արցախցի հանրային գործիչ Գևորգ Առստամյանն ասաց, որ երևի թե պետք էր ոչ թե Արցախի հարցում հեղափոխություն անել, այլ պետք է Արցախում հեղափոխություն աներ և չթողներ իշխանությունը մնար այն մարդկանց ձեռքին, որոնք կապեր ունեն  Հայաստանում այն օլիգարխ զանգվածի, այն հանցագործ կլանի հետ, այն մարդկանց հետ, որոնք երկար տարիներ եղել են իշխանության ու Արցախի հարցի լուծումը ձգձգելով բերել-հասցրել են մի այնպիսի իրավիճակի, երբ որ Հայաստանը թուլացել է, իսկ Ադրբեջանը զուգահեռ զինվել է ու զենքի ուժով կարողացել հարձակվել ու գրավել։
«Բացի նրանից, որ այդ մարդիկ երկար տարիներ թուլացրել են, այլև մնացել են իշխանության ու, իմ կարծիքով, շարունակել հանցագործ խաղերը, ինչի պատճառով Ադրբեջանին հեշտ է եղել զավթել Արցախը։ Այնպես որ, հեղափոխություն պետք է լիներ անձերի շուրջ, Արցախում ընդհանուր համակարգը փոխվեր։ Իսկ ինչ մնում է վարչապետի պահվածքին, երևի ճիշտ կլիներ, որ ընտրվելուց հետո 2018-2020 թվականներին անկեղծորեն պատմեր, թե ինչ բանակցություններ են ընթացել այս երկար տարիների ընթացքում, և ժողովրդի համար հասկանալի լիներ»,- ասաց Գևորգ Առստամյանը։

Վարչապետը հայ համայքնի հետ հանդիպմանը նաև ասել է, որ այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը մեր տարածքում որևէ բան պետք է վերահսկի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, նման կետ չկա գրված: «Մյուս կետերը, ըստ էության, Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են»,- ասել է վարչապետը։

Այս առնչությամբ Գևորգ Առստամյանն  ասաց, որ վարչապետն ասել է  ճշմարտությունը, ասել է այն, ինչ որ կա. այո, Ռուսաստանը հանգել է այն մտքին, որ պետք է Ադրբեջանի սրտի ուզածը բավարարել։

Տարբեր երկրների առաջնորդների հետ վարչապետի մյունխենյան  հանդիպումների շուրջ իր ասելիքն ամփոփելով՝ Գևորգ Առստամյանն ասաց. «Ես յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր բանակցության կողմնակից եմ, որովհետև խաղաղ բանակցությունների այլընտրանքը բերում է սահմանին բախումների, ու մենք ունենում ենք կորուստներ՝ և՛ տարածքային, և՛ մարդկային։ Այնպես որ, անընդհատ պետք է գնալ բանակցությունների, դա թուլացնում է սահմանային լարվածությունը։ Թե չէ, եթե հրաժարվեր գնալ, վստահ եմ՝ Ադրբեջանը իր ագրեսիվ քաղաքականությունն արտացոլելու էր սահմաններին։ Իսկ արդյունքները կերևան հետագայում։ Հույս ունենք, որ դրական ավարտ կունենա ամեն ինչ»։

Լիլիթ Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում