Երեկ՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մարտին Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մարտին Մ․-ն, ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Խաչիկ Գ․-ն և 32-ամյա Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։
Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/02/22/1256341
