Դասական իմաստով Հայաստանում չկա ներքին քաղաքականություն: Մեր երկրի առջև ծառացած բոլոր կամ գրեթե բոլոր մարտահրավերները, սպառնալիքները, ընդհուպ անվտանգային, մեր ներքին կյանքի որակի կամ անորակության պատճառով են:
Մեզանում չկա գեթ մեկ հարց, գեթ մեկ նպատակ, գեթ մեկ իղձ, որի շուրջ մենք քաղաքական, քաղաքացիական, հասարակական ու հանրային համախոհություն կունենանք: Ու քանի դեռ չենք հասել այդտեղ, չենք հասունացել այդքան, ու հասկացել, որ մեր բոլոր խնդիրները կլուծվեն, երբ մեր ներսի դիմադրողունակությունը բարձրանա/բարձրացնենք, մեր ներքին իմունային համակարգը վերականգնվի, ամեն ինչ կշարունակի մնալ անհույս և անհեռանկար:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ այս օրը առիթ ունեցա կարճ զրուցել Իսրայելի ԱԳ նախկին նախարար, Իսրայելի ձախ-կենտրոնամետ ուժերի ճամբարի ղեկավար Ցզիպի Լիվնիի հետ: Խոսում էինք Հայաստանի և Իսրայելի ներքին քաղաքական կյանքի նմանությունների և տարբերությունների մասին: Տիկին Լիվնիի մի արտահայտություն չեմ կարողանում մոռանալ:
Լիվնին, ի տարբերություն Իսրայելի գործող իշխանության ղեկավար Բենիամին Նեթանյահուի, Պաղեստինի և Իսրայելի՝ երկու պետությունների կարգավորման (two state solution) կողմնակից է: Լիվնին համարվում է Նեթանյահուի ամենաթունդ ընդդիմախոսը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Գազայում ընթացող դաժան պատերազմին, տիկին Լիվնին այսպիսի բացառիկ պատասխան տվեց:
Ես ատում եմ Նեթանյահուին, նրա ամենաթունդ ընդդիմախոսն եմ: Բայց իմ ատելությունը իմ քաղաքական հակառակորդի հանդեպ չի կարող ավելի մեծ լինել, քան իմ նվիրումն է Իսրայելի հանդեպ, քան իմ սերն է Գազայում պատերազմող իսրայելցի զինվորի հանդեպ: Ես այս պահին պատերազմի կողմնակից եմ,-ասաց Լիվնին:
Եզակի, մեր քաղաքական միջավայրին և իրականությանը պակասող պետական մտածողության, քաղաքական հասունության օրինակ:

