Կենտրոնացեք, դուք հիմա հայրենասե՞ր եք, թե՞՝ գրպանասեր

Վերջին օրերին հետաքրքիր դիսկուրս է սկսվել հարկեր տալու-չտալու թեմայի շուրջ։ Նախապես ասեմ, որ ասածս «խոպանչիներին» չի վերաբերում, դա ուրիշ ու ինձ համար բավականին նուրբ հարց է։
Զարմանում եմ, որ Հայաստանում կան շատ գումար ստացող մարդիկ՝ «շոուբիզնեսի» ներկայացուցիչներ, ովքեր իրենց հա՛մ հայրենասեր են համարում, հա՛մ չեն ուզում «էտ իրենց սիրած հայրենիքի» համար հարկեր մուծել։ Բա ո՞ւր մնաց ձեր հայրենասիրությունը, ձեր կլկլոցին մատաղ։
Թե հայրենասիրության պատկերացումները միայն երգի՝ «հասնինք Սասուն, մտնինք Վան» մակարդակում են։ Բա հարկեր մուծեք, որ ձեր ու մեր հայրենիքը ուժեղանա ու օրերից մի օր էնքան ուժեղ լինի, որ ոչ միայն «Սասուն հասնենք ու Վան մտնենք», այլ նաև Կարսում ու Արդահանում էլ միասնության շուրջպար պարենք։
Թե չէ ստացվում է, որ գրում եք «դավաճանները ծախեցին ՀԱՅՐԵՆԻՔՍՍՍՍՍՍՍ» կամ «ա՜խխխ, ցավին չեմ դիմանում», բայց երբ հերթը ձեզ է հասնում հայրենիք սիրելու կամ փրկելու՝ անհիմն արդարացումներով խուսափում եք ձեր մասնաբաժինը հայրենիքին տալուց։
Կենտրոնացեք, դուք հիմա հայրենասե՞ր եք, թե՞՝ գրպանասեր. ըտենց հայրենիք չեն սիրում, «աստղե՜րս»…
Կիսվել սոց․ ցանցերում