«Մենք կարծում ենք, որ քաղաքացիություն ընդունելը կարևոր հանգամանք է, որը հաստատում է քաղաքացու մտադրությունը՝ կենսականորեն Հայաստանում ապրելու փաստը, այն ամրագրում քաղաքացիություն վերցնելով։
Մենք այսպիսի մեծածավալ ծրագրեր՝ բնակարանային ապահովության մասով, բացառիկության կարգով ենք անում»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի պայմաններն ու մանրամասները:
Նա նշեց, որ տան կարիք ունեցող անձանց թիվը մեծ է, դրանք 25 հազարը գերազանցող ընտանիքներ են, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 12-15, երբեմն՝ 18 մլն դրամ, ինչը բավականաչափ մեծ ներդրում է, որ արվում է այդ մարդկանց թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ներառականությունը ապահովելու համար։
«Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի անչափահաս երեխաներով ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է, կառավարությունը ներկայացրել է ծրագիրը: Դրանով մի քանի եղանակով ՀՀ կառավարությունն աջակցելու է տեղահանված անձանց կեցության ապահովման հարցում՝ ընձեռելով տուն կառուցելու կամ ձեռք բերելու հնարավորություն։
Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։ Տեղահանված անձինք հնարավորություն կունենան նաև սոցիալական բնակարաններ ստանալ, եթե ներառված չեն կառուցման կամ գնման սերտիֆիկատների աջակցության ծրագրերում։ Մինչ այդ կառավարություն նախատեսում է տարբեր չափերով և մեխանիզմներով աջակցել տեղահանված անձանց կեցության վայրի վարձակալության հարցում»,-նշեց փոխվարչապետը։
